Հայաստանի և Արցախի ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը ես եմ. Փաշինյան

Բանաձևը, որ ես առաջարկում եմ, որ յուրաքանչյուրը որդեգրի ինքն իր համար

2019 թվականին ՀՀ-ին հաջողվել է մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով առաջ անցնել մեր հարևան, մեր բարեկամ, մեր սիրելի Վրաստանից: Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իհարկե, մենք Վրաստանին և վրաց ժողովրդին լավագույնն ենք մաղթում և հույս ունենք, որ մենք տնտեսական համագործակցության խորացմամբ իրար կօգնենք ավելի մրցունակ, ավելի ուժեղ տնտեսություններ կառուցել և երկրներ կառուցել: Բայց կարևոր է արձանագրել, որ մենք, հիմա արդեն 2019 թ-ի արդյունքներով մեկ շնչին հասնող ՀՆԱ-ով առաջ ենք անցնում Վրաստանից: Բայց առավել կարևոր է 2020 թ.-ի արդյունքներով, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ծավալով մենք առաջ ենք անցնելու Ադրբեջանից: Այս սանդղակում Հայաստանի Հանրապետությունը, եթե ոչ միշտ առնվազն վերջին 10-ամյակներում եղել է վերջինը: Այս սանդղակում 2020 թ-ին Հայաստանի Հանրապետությունը լինելու է առաջինը: Եվ սա է տնտեսական հեղափոխության դրոշը»,- ասաց վարչապետը։

Նրա խոսքով՝ իր անձնական ուղերձը, դեռ ընդդիմական ժամանակներից եղել է հետևյալը. երբ այն ժամանակ ասվում էր, որ մարդիկ չեն հավատում քաղաքական գործիչներին, մարդիկ չեն հավատում ընդդիմությանը, մարդիկ չեն հավատում իշխանությանը, իր ուղերձը չի փոխվել:

«Եւ ես էլի շարունակում եմ ասել՝ սիրելի՛ հայրենակիցներ, կարևոր չէ՝ դուք հավատում եք իշխանությանը, թե չեք հավատում, կարևոր չէ՝ դուք հավատում եք ընդդիմությանը, թե չեք հավատում, կարևորն է, որ դուք հավատաք ինքերդ ձեզ, ձեր ուժին, ձեր տաղանդին, ձեր քաղաքացիությանը, մեր ընդհանուր հայրենիքին և մեզնից յուրաքանչյուրի անհատական ջանքին: Որովհետև մենք ապացուցել ենք այդ բանաձևի իրավացիությունը, որ Հայաստանի Հանրապետության ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը մեզնից յուրաքանչյուրն է:

Ես կոչ եմ անում, որ ՀՀ քաղաքացիները և ընդհանրապես հայությունը, 2020 թ.-ին առավել հետևողական գործի հետևյալ բանաձևով՝ ես սա մեջբերում եմ, յուրաքանչյուրը ինքը իր համար պետք է ասի, հանկարծ այլ մեկնաբանություն չտրվի: Այդ բանաձևը, որ ես առաջարկում եմ, որ յուրաքանչյուրը որդեգրի ինքն իր համար և, բնականաբար, ես էլ ինձ համար պետք է որդեգրեմ, հետևյալն է՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը ես եմ»,- նշեց վարչապետը։