Փաշինյանը՝ «Կամազ»-ներ նվիրելու, Ալեքսանյանի ու նվիրատվությունների մասին

Դա նույնն էր, որ ջրհեղեղ լիներ, որևէ մեկը ջուր քաշող ավտոմեքենա առաջարկեր ու քննարկեինք

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև Երևանի քաղաքապետարանին «Կամազ»-ներ նվիրելու մասին:

Վարչապետի խոսքերով, երբ քաղաքում բնական աղետ է ու ինչ-որ մեկն աջակցություն է առաջարկում, անտրամաբանական կլինի մերժել այն. «Աղբի հետ կապված իրավիճակը բնական աղետի նման մի բան էր: Դա նույնն էր, որ ջրհեղեղ լիներ, որևէ մեկը ջուր քաշող ավտոմեքենա առաջարկեր ու քննարկեինք»:

Ինչ վերաբերում է հնարավոր կոռուպցիոն դրսևորումներին, շահերի բախմանը, Փաշինյանը խոսեց մասնավորապես Սամվել Ալեքսանյանի մասին. «Ես պարզել եմ, որ նվիրատվությունից հետո, ինչպես նաև առաջ նրան պատկանող ընկերություններից մեկի կողմից սեփականաշնորհված մանկապարտեզ է ետ վերցրել՝ վերադարձնելով համայնքին: Նրա ընտանիքին պատկանող մի շինարարության մասով քաղաքապետարանը խոշոր տուգանք է գրել: Օպերայի շրջակայքում նույն մարդն ուներ սրճարան, որն ապամոնտաժվել է»:

Փաշինյանի խոսքերով, այլ հարց է, որ կարող ենք հասկանալ, թե ինչպես են աշխարհում կարգավորվում նվիրատվությունների հարցերը. «Գուցե անհրաժեշտություն կա նման դեպքերին և իրավիճաներին տալ կոնկրետ իրավական կարգավորումներ»: