Տառապանքի մարդը. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Իմ աշակերտները պիտի կարողանան անտեսել աշխարհի չափանիշները և առաջնորդվել միայն երկնքի արժեչափերով
Live24.am-ը ներկայացնում է

Հիսուս

Դեկտեմբերի 4

Նրա տեսքն ավելի անարգ էր ու նսեմ, քան բոլոր մարդկանց որդիներինը: Նա  հարվածների ենթակա մի մարդ եղավ, որ ցավերին համբերել գիտեր. իր երեսը դարձնելով արհամարհվեց ու բանի տեղ չդրվեց:

Գիտեմ, որ այս բառերը խփում են Քնքուշ լարերին այն սրտերի, որոնք տրամադիր են Գեղեցիկը լսելու: Այս ցավը ցույց է տալիս, որ այդ սիրտը ճանաչում է կարիքները Տառապանքի Մարդու: Որ նա արհամարհելի ոչնչ չի տեսնում Մեկի մեջ, որին աշխարհն անտեսեց: Որ մարդու սիրտը ճանաչում է, ի վերջո, այն մեծ տարբերությունը, որ կա երկնքի արժեքների և երկրի արժեքների միջև: Համբավն ու ծափահարությունները տրվում են աշխարհի մեծերին, իսկ արհամարհանքն ու մերժումը՝ Աստծո Որդուն:

Իմ աշակերտները պիտի կարողանան անտեսել աշխարհի չափանիշները և առաջնորդվել միայն  երկնքի արժեչափերով: Բնավ մի փնտրեք մարդկանց գովեստը, ոչ էլ ջանացեք տեսնվել կամ հաշվի առնվել մարդկանց կողմից: Մարդկանց գովեստները ձեզ համար չեն: Դուք հետևեք ահամարհված Քրիստոսին: Ահավասիկ, ամբոխը հայհոյում, քարեր է նետում, ծաղրում ու հեգնում է, սակայն այդ լուռ ու մունջ քարկոծվող փոքրիկ խմբի մեջ կա մի ճշմարիտ երջանկություն ու ուրախություն, որի արժեքն անարգող խառնիճաղանջը երբեք չի հասկանա:

Դուք հետևեք քարկոծվող ու ծաղրանքի ենթարկվող այդ փոքրիկ խմբին, որն, ըստ ամենայնի, բաղկացած է աննշան, ծիծաղելի ու արհամարհելի մարդկանցից: Այնուհանդերձ, դուք դրանցից մեկը եղեք, որ կարողանաք զգալ Աստծո Վեհությունը, Ներկայությունը Նրա, ով արհամարհվեց ու մերժվեց մարդկանցից: Ծափահարությունները կամ ճակատը պճնող ծաղկեպսակը կնսեմացնեն, անշուշտ, այդ Վեհությունը:

Երբ ծանրություններ եք կրում, երբ զրկվում եք մարդկային ամեն տեսակ օգնությունից, մոտեցեք, շատ ավելի մոտ եկեք Տառապանքի Մարդուն: Զգացեք Իմ ձեռքի սիրալիր հպումը ձեր ձեռքին. լուռ, բայց հավատարմությունից մղված այդ շարժումը: Ես վիշտը ճանաչեցի: Չկա ցավող մի սիրտ, որի հետ Իմ Սիրտը չցավի: «Արհամարհվեց ու բանի տեղ չդրվեց»: