Թող խոստովանեն, որ տվել են շինթույլտվություններ, ստացել նվերներ այսինչ մարդկանցից

Անի Խաչատրյանը ներկայացրել է կուսակցության դիրքորոշումը

Երեւանի ավագանու «Լույս» եւ «Իմ քայլը» խմբակցությանների անդամների հարաբերությունները լարվել են այնքան, որ սոցիալական ցանցերում միմյանց հասցեին մեղադրանքներ, վիրավորական արտահայտություններ են հնչեցնում։ Ամեն ինչ սկսվեց 20 «ԿամԱԶ»-ների նվիրատվությունից, եւ պարզվեց՝ նվերները ստացած տարբեր թույլտվությունների դիմաց հատուցումն են։ Ուշագրավ է, որ «Լույսի» անդամներ Անի Խաչատրյանը, Թեհմինա Վարդանյանը («Հանրապետություն» կուսակցության անդամ են) կռիվ են տալիս, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը գոնե հայտարարություններով չի աջակցում, ավելին՝ սատարում է իշխանություններին, որի կարկառուն դեմքերից է կոռուպցիոն գործարքների մեջ իրենց կողմից մեղադրվող Հայկ Մարությանը։ Անի Խաչատրյանից փորձեցինք ճշտել իրենց կուսակցության դիրքորոշումը։

«Մենք թունդ ընդդիմադիր ենք կոնկրետ հարցերի շուրջ։ Եթե հիշում եք՝ «Սանիթեքի» թեմայով «Իմ քայլը» ավագանու անդամներից շատ ես եմ պաշտպանել Հայկ Մարությանին, ու եթե անհրաժեշտություն լինի որեւէ հարցում, ես նորից պատրաստ եմ պաշտպանել, բայց այստեղ կոնկրետ հարցի շուրջ է մեր ընդդիմանալը, մեր պարտականությունն է։ Մենք պարտավոր ենք խնդիրները բարձրաձայնել։ Թե՛ կուսակցության, թե՛ մեր քաղաքական օրակարգում չկա հրաժարականի պահանջ, չկա քաղաքական ենթատեքստ, մեր գործունեությունը զուտ աշխատանքային է, որը նաեւ կուսակցությունը տեսնում է։ Մեզ չեն ասում՝ մի արեք»,- ասաց նա։

- Իսկ ինչո՞ւ չեք պահանջում Մարությանի հրաժարականը։

- Այս ամենի շարունակությունը պետք է քննվի, պետք է հասկանալ՝ ինչ ենթատեքստեր ուներ, ինչու էր այս ամենը թաքցվում, եւ նոր հասկանալ, թե ինչ ընթացք կլինի։ Չեմ տեսնում հրաժարականի պահանջի անհրաժեշտություն, տեսնում եմ խոստովանության անհրաժեշտություն։ Խոստովանեն, ասեն, որ, այո՛, տվել ենք շինթույլտվություններ, այո՛, մենք ստացել ենք նվերներ այսինչ մարդկանցից, ինչի՞ համար են թաքցրել։ «Իմ քայլը» ավագանու անդամներն ասում են՝ հաջորդ օրը ասվել է, բայց հաջորդ օրը բարձրաձայնվել է այն աղմուկից հետո, որը մենք ենք բարձրաձայնել։ Էնտեղ մանիպուլյացիաներ են գնում, թե մենք դեմ ենք Սամվել Ալեքսանյանի նվերներին, մյուսին։ Մենք ողջունում ենք բարեգործությունները, բայց ուզում ենք հայրենիքին տված նվերների համար հանրությունը շնորհակալություն հայտնի, ոչ թե մի քանի հոգի․ պետք է այդ ամեն ինչը թափանցիկ լիներ։

- Հատկապես Ֆեյսբուքում նկատելի լարվել են ձեր եւ ավագանու «Իմ քայլի» խմբակցության անդամների հարաբերությունները։ Ինչպե՞ս եք շարունակելու աշխատել։

- Ժամանակը ցույց կտա։ Բայց մեր հարաբերությունների սրացումը սկսվեց ավագանու առաջին նիստից, երբ մենք ընդամենն ասում էինք՝ տրանսպորտի հետ կապված խնդիրները պետք չէ կանգնեցնել։ Համենայնդեպս, հարաբերությունները Ֆեյսբուքից ու էկրաններից դուրս շարունակելու են մնալ նորմալ, մարդկային։ Թե՛ իշխանությունը, թե՛ մենք պետք է քաղաքական ու անձնական հարաբերությունները չխառնենք։

ՀԳ․ Հիշեցնենք․ դատախազությունն ուսումնասիրում է տնտեսվարողների կողմից քաղաքապետարանին «ԿամԱԶ» մակնիշի աղբահավաք մեքենաների նվիրատվության վերաբերյալ հրապարակումները։

hraparak.am