«Իմ քայլի» պատգամավորը սպառնում է Դավիթ Խաժակյանի ատամները ջարդել

Պարոն Դանիելյան, ձեր անելիքը կարող եք հրապարակավ ասել
խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառման վերաբերյալ մեկնաբանություն էի արել պատիս: Դանիելյանը գրառումս համարել է անձնական տիրույթն անցնող և իմ Աժ կուսակից ընկերներ Գևորգ Գորգիսյանին և Անի Սամսոնյանին ֆեյսբուքյան հաղորդագրության միջոցով հորդորել ինձ «օգնել սերտել» մի քանի հանգամանք:

Մասնավորապես՝ գրել էր, որ վերջին անգամ «խորհուրդ է տալիս հեռու խաղալ», որ իր հետ կապված «հանգամանքները անձնականացնելու և իրեն փորձել կծմծելու փորձերի վրա ինձնից շատ ավելի փորձառուների ատամներն են ջարդվել»: Դանիելյանը ակնարկում էր, որ ես չարաշահում եմ խմբակցությանն ամրակցված մեքենան և նախազգուշացնում, որ հաջորդը իր կողմից հրապարակային փուլն է:

Պարոն Դանիելյան, ձեր անելիքը կարող եք հրապարակավ ասել:

Երբ իմ տեսակետներից որևէ մեկը վիրավորվում է պատրաստակամություն եմ հայտնում միտքս պարզաբանելու, ինչը քիչ առաջ փորձեցի անել Դանիելյանի հետ հեռախոսազրույցում: Ցավոք, պարոն Դանիելյանը ատամներ ջարդելու իր ձևակերպումից հետ չկանգնեց, ինչն էլ և հիմք հանդիսացավ այս գրառումս կատարելու և ցույց տալու ԱԺ «Իմ քայլը» պատգամավորի խոսելաոճը»: