Եթե ոչխարը սոված մնաց, Ձեզ էլ կուտի. ֆերմերը՝ Նիկոլ Փաշինյանին

Ըստ ֆերմերի՝ այսօրվա մարզպետները «բացարձակ անգրագետ են, ուղղակի ինչ-որ ժամանակ քայլել են»
Նիկոլ Փաշինյան

«Հայաստանը հինգ տարի առաջ կարտոֆիլ արտահանող երկիր էր, իսկ այսօր կարտոֆիլը Պակիստանից է ներմուծվում: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ֆերմեր Տիգրան Եղոյանը:

«Հայաստանը, որ սխտոր էր  արտահանում, դրա փոխարեն՝ այսօր սխտոր ներկրում է Չինաստանից»,- ասաց նա՝ խոսելով գյուղերում առկա խնդիրների մասին:

Եղոյանը վստահեցնում է, որ այսօր Հայաստանի հարավային շրջանը վտանգի տակ է: Այնտեղից գյուղացին հեռանում է, վաճառում է իր անասունները: Ըստ Եղոյանի՝ տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանը խոսում էր այդ ամենի մասին, ասում էր, թե վատ է, բայց այսօր ոչինչ չի փոխվել. «Գյուղատնտեսական թռիչքի մասին այսօր խոսելն աբսուրդ է: Նիկոլ Փաշինյանը եւ կառավարության անդամները հայտարարություն էին անում, որ վարկեր են տրամադրում եվրոպական չափանիշներին համապատասխանող անասնագոմեր կառուցելու համար: 1,5 տարի անց ցույց տվեք մի տեղ, որտեղ կառուցվեցին այդ եվրոպական ստանդարտներով համապատասխանող անասնագոմեր»:

Ըստ ֆերմերի՝ այսօրվա մարզպետները «բացարձակ անգրագետ են, ուղղակի ինչ-որ ժամանակ քայլել են»: Նա վստահ է, որ այս պահին ժողովրդի դժգոհության ալիք է բարձրանում, ինչի շնորհիվ էլ իրենք ստեղծել են ծայրահեղ ազգայնական շարժում:

«Եթե վերանում է գյուղը, խոսելն ավելորդ է»,- ասաց Եղոյանը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հարցին, թե արդյո՞ք ոչխարն առվույտ (յոնջա) կուտի, ասում է՝ նախ՝ ոչխար չկա, ապա ավելացնում է. «Եթե ոչխարը սոված մնաց, բարեկամ, Ձեզ էլ կուտի»: