«ՍԴ դատավորներին դրախտի «պուտյովկա» ե՞ք տալիս». Գևորգ Պետրոսյանը՝ արդարադատության նախարարին

Եթե արտոնություն է, ես էլ եմ ուզում օգտվել, ինչո՞ւ եք խտրականություն դնում

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այսօր Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեց, թե ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու նախագիծը դատավորների վիճակը վաթարացնո՞ղ, թե՞ բարելավող նախագիծ է, կամ՝ ի՞նչ չափանիշերով են ընտրվել ՍԴ դատավորները, ինչո՞ւ նույն կանոնը չեն ցանկանում կիրառել, օրինակ՝ Վճռաբեկ, Վերաքննիչ դատարանների դատավորների նկատմամբ:

«Հիմա, օրինակ՝ ես էլ կուզեի իմ չորս տարիների աշխատավարձը միանգամից տային ու ես գնայի ըմբոշխնեի ձմեռային Հայաստանի տարբեր գեղատեսիլ վայրերում: Դուք հարկատուների հետ զրուցե՞լ եք, նրանք պատրա՞ստ են աշխատանք չկատարող դատավորին կերակրել: Եվ չե՞ք կարծում, որ սրանով մենք աղճատում ենք կենսաթոշակի ինստիտուտը: Որ ասում եք՝ Սահմանադրական դատարանի ճգնաժամ, խնդրում եմ, ասեք, թե ի՞նչ ճգնաժամի մասին է խոսքը»,- նշեց Գևորգ Պետրոսյանը:

Ի պատասխան՝ Արդարադատության նախարարը նկատեց, որ «վստահություն» ասելով՝ հասկանում են հանրության վստահությունը դատական համակարգի նկատմամբ:

«Ճգնաժամ ասելով՝ հասկանում ենք, որ մենք  սահմանադրական փոփոխությունները քննարկելիս՝ 2015 թվականին ասել ենք, որ ՍԴ-ի մոդելը սխալ է, ուստի անդամներին առաջադրող մարմինները պետք է լինեն երեքը՝ Դատավորների ընդհանուր ժողովը, Կառավարությունը և ՀՀ նախագահը: Սակայն այդ մոդելը կյանքի չի կոչվել, քանի որ ՍԴ անդամների ճնշող մեծամասնությունն արդեն իսկ պաշտոնավարում էին՝ որպես ՍԴ դատավորներ: Մենք չենք աղճատում կենսաթոշակի ինստիտուտը, նրանք կամավոր կարող են անցնել կենսաթոշակի:

Ինչ վերաբերում է հարկատուներին, ապա ինքս տարբեր ոլորտներում եմ աշխատել և շատ լավ գիտեմ հարկատուների վերաբերմունքն իրենց վճարած հարկերին: Որոշակի առումով մտահոգություններ առաջացնում է, սակայն հանրությանը տալ հաջորդ հարցը, թե իրենք որքան են պատրաստ հարկ վճարել և աշխատավարձ տալ այն պաշտոնատար անձանց, որոնց նկատմամբ վստահությունը ցածր է»,- նշեց Ռ. Բադասյանը:

Արձագանքելով նախարարի պատասխաններին՝ Գևորգ Պետրոսյանն ասաց, որ իր որևէ հարց կոնկրետ պատասխան չստացավ.

«Եթե արտոնություն է, ես էլ եմ ուզում օգտվել, ինչո՞ւ եք խտրականություն դնում: Ժողովրդական խոսք կա, ասում  է՝ ձուկը գլխից է հոտում, եթե դա բարեգործություն է, եկեք մեծերից սկսեք, սկսեք ՏԻՄ-երից, կամ՝ որ ասում եք՝ վստահության պակաս կա, այդ ինչպե՞ս եք ստուգել, էհ, եթե այդպես է, ժողովուրդը բոլոր դատավորներին չի վստահում, դրեք բոլորին հեռացրեք:

Եթե մենք դժգոհության տեսանկյունից նայենք, ապա բոլոր պետական մարմիններից ժողովուրդը դժգոհում է: Հիմա եթե ՍԴ դատավորներն անվստահություն են ներշնչում, դրախտի «պուտյովկա՞» եք տալիս», հայտնում է 168.am-ը:

Նշենք, որ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծը, ըստ որի՝ նախատեսված է Սահմանադրական դատարանի դատավորներին կամավոր հիմունքներով  վաղաժամ ուղարկել թոշակի, նախագծին Կառավարությունը հավանություն էր տվել նոյեմբերի 14-ին: