Շարունակում ենք մեր աղմկահարույց բացահայտումները, որոնք իսկապես դարձան ամենաքննարկվող թեման։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29–ին, ֆեյսբուքյան լայվի միջոցով ասել է Երեւանի «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով քաղաքապետարանին նվիրած մեքենաների դիմաց գործարքներին։
Նրա խոսքով՝ հայտնի դարձավ, թե ովքեր են քաղաքապետարանի հետ մտել գործարքի մեջ, բայց այլ հարցեր էլ կան, որոնց պատասխանները դեռ հայտնի չեն.
«Հարց է մնացել, թե ո՞ր դրվագով, ինչի՞ դիմաց է քաղաքապետարանը ինչ տվել, որովհետեւ մենք խոսում ենք ոչ թե նվերների մասին, այլ դրանց գաղտնիության, թափանցիկության բացակայության մասին, եւ գլխավոր հարցը՝ նվե՞ր էր դա, թե՞ գործարք ինչ–որ բանի դիմաց»,– ասել է Խաժակյանը։
Նրա խոսքով՝ քաղաքի կառուցապատումը վերածվել է առեւտրի։
«Խոսքը գնում է մի կազմակերպության մասին, ով կառուցապատում է իրականացնում Տերյան 5 հասցեում, որը հանդիսանում է նախկին Աֆրիկյանների տուն կոչված պատմական հուշարձանի վայրը։ Պետք է հիշեցնեմ՝ երբ քանդվում էր Աֆրիկյանների տունը, ինչ աղմուկ բարձրացավ։ Այսօր թերթում էի տեսանյութերը, թե ովքեր էին դրա դեմ պայքարում, նրանց ցանկում տեսա Սիփան Փաշինյանին, Վիլեն Գաբրիելյանին, իմ գործընկեր, ավագանու անդամ՝ պարոն Իսպիրյանին։ Դրա դեմ էր պայքարել նաեւ ներկայիս քաղաքապետ Հայկ Մարությանը, եւ ի՞նչ է պարզվում, որ քաղաքի կառուցապատումը, քաղաքաշինությունը կրկին վերածվել է առեւտրի եւ պարզվում է, որ Գագիկ Խաչատրյանին պատկանող ընկերությունը, հրապարակված տեղեկությունների համաձայն կառուցապատում է իրականացնում Շիրակի 88/1 հասցեում քաղաքապետարանի աղբատար մեքենաների պարկի համար, ինչի՞ դիմաց։ Պարզվում է, որ Տերյան 5 հասցեում Աֆրիկյանների տան համար նախնական շինթույլտվությունը եղել է 12 հարկի կառուցման համար, այնուհետեւ մեր քաղաքապետի թեթեւ ձեռքով այն հասցվում է 22 հարկի հենց այս գործարքի դիմաց»,–ասել է Խաժակյանը։
0Comments