Երեկվա խորհրդարանում քննարկումները առողջապահության նախարար Արսեն Թորասյանի մասնակցությամբ ցույց տվեց, որ նախարարին չեն վստահում ոչ միայն ընդդիմության շարքերում, այլև իշխանության տիրույթում: Առավել ակտիվ էին Քրիստինե Պողոսյանն ու Լուսինե Բադալյանը: Տիկին Պողոսյանը բոցաշունչ կերպով հիմնավորում էր, թե ինչ կոռուպցիոն ռիսկեր է իր մեջ պարունակում նախարարի կողմից առաջարկված «դեղերի մասին» օրենքի նախագիծը: Իսկ նախարարի այն հարցադրմանը, թե կասկածո՞ւմ են արդյոք իրեն կորուպցիոն ռիսկերի հարցում Պողոսյանը հակադարձեց՝ հիշեցնելով Թորասյանի տեղակալի պատմությունը: Ավելի հետաքրքիր էր Լուսինե Բադալյանի հակադրման փաստարկները: Նա նույնիսկ հայտարարեց, որ «...խորհրդարանական մեծամասնությունը չպետք է լինի կառավարության քաղաքական հենարանը ԱԺ-ում...»: Թորոսյանի զարմանքին, որ դա հակասում է դասական քաղաքական նորմերին տիկին Բադալյանը հակադարձեց՝ ներկայացնելով կենցաղային հիմնավորումներ:
Այս քննարկումները ցույց տվեցին, որ՝
Առաջին
ԱԺ-ի իշխող ուժի շարքերում առաջացել է լուրջ ընդդիմություն Արսեն Թորասյանի հանդեպ:
Երկրորդ
Այդ ընդդիմությունը ակնհայտորեն տարերային բնույթ չունի:
Երրորդ
Լուսինե Բադալյանի «հիմնավորումները» ցույց տվեցին, թե ինչ աստիճանի կենցաղային մակարդակ ունեն իմքայլականները ԱԺ-ում: Սրանք ոչ միայն քաղաքական տարրական լեքսիկոնին չեն տիրապետում, այլև ապրում են խորը կենցաղային պատկերացումների մեջ: Ինչը իսկական խայտառակություն և միաժամանակ ողբերգություն է մեր երկրի համար:
Սակայն դա չի նշանակում, որ Արսեն Թորոսյանի բոլոր առաջարկները հիմնավորված են և անհրաժեշտ: Ճիշտ հակառակը, օրինակ, նրա առաջարկը երկրում ներդնել համընդանուր և պարտադիր առողջապահական ապահովագրական համակարգ ոչ միայն ժամանակավրեպ է, այլև վտանգավոր է, քանզի իր մեջ պարունակում է մի շարք ռիսկեր, որի մասին մենք կանդրադառնանք հետագայում:
Պարզապես նշենք, որ Արսեն Թորոսյանը այս առաջարկը ներկայացնելով՝ փաստացի սկսեց շանտաժել, որ «...եթե այն մերժվի, ապա ոչ ոք թող չմեղադրի իրեն, որ այս ոլորտում չի լինելու որակյալ և անվճար բուժսպասարկում...»:
Այսինքն՝ նախարարի կողմից այս շանտաժը կարծես դիտմամբ էր հնչեղվում, որպեսզի իր հետագա քայլը հիմնավորվի: Հասկանալի է, որ խոսքը կարող է լինել իր հնարավոր հրաժարականի մասին :
Պարզ է նաև, որ այդ հնարավոր քայլը կարող է ունենա ավելի խորքային պատճառներ: Եվ չի բացառվում, որ այս 6 տոկոսանոց առողջապահական ապահովագրական լրացուցիչ հարկատեսակի առաջարկը նախարարը դիտմամբ է ներկայացնում այսօր, որ այն մերժվելու դեպքում հիմնավորի, թե ինչու է ուզում հրաժարական տալ:
Սա է իրականությունը:
Արտակ Հակոբյան
Zham.am
0Comments