Մաշադյանի հետ ավտոներկրողների հանդիպումն արդյունք չի տվել

Ոչ մի հարց լուծում չի ստացել, պայմանավորվել են կրկին հանդիպել

20 տոկոս ասում ենք, երբ պետական գրանցում չկա, եթե պետական գրանցում կա՝ 20 տոկոսը դրան չի վերաբերում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, ավտոներկրողների հետ հանդիպմանն ասաց ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը՝ պատասխանելով պնդումներին, թե ավտոներկրողները 100 դոլար շահույթ են ստանում, բայց 200 հազար դրամ հարկ վճարում։

«Ի սկզբանե կեղծ հաշիվ-ապրանքագիր եք ներկայացնում, սահմանին  հարկ քիչ եք վճարում։ Ես կարծում եմ, որ պարտաճանաչ քաղաքացին ճիշտ ինվոյս կներկայացնի, ոչ թե կեղծ ինվոյս կներկայացնի, հետո կընկնի խնդիրների մեջ»,- նշեց Մաշադյանը՝ մեղադրելով ներկրողներին ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու մեջ։

Ավտոներկրողները բողոքեցին նաև, որ Գյումրիից Երևան տեղափոխելը խնդիր է, վարորդները հավելյալ գումար են ուզում Գյումրիից Երևան տեղափոխելու համար։

«Եթե կան ներկրողներ, որոնք ապրում են Երևանում և խնդիր է առաջանում, եկեք ֆիքսենք, որ հակառակն էլ կարող է լինել»,- ասաց Մաշադյանը։

Ավտոներկրողները նաև նկատեցին՝ այն տեղը, որտեղ դատարկում են կոնտեյները, չի վերահսկվում։ Եթե դատարկվում է ավտոմաքսատան տարածքում, պետք է վերահսկվի։

Մաշադյանն ի պատասխան արձագանքեց․ «Ո՞ւմ կողմից պետք է վերահսկվի։ Ձեր բնակարանն էլ ձեր համատիրության տարածքում է գտնվում։ Այս տարածքը մաքսային մարմինների կողմից չի վերահսկվում, եթե գողություն է կատարվել, պետք է դիմել իրավապահներին»։

Ավտոներկրողներն առաջարկեցին կոնտեյները դատարկել Երևանում, զննումն իրականացնել Երևանում, ինչին Մաշադյանն արձագանքեց․  «առաջարկը ֆիքսեցի, քննարկման առարկա կդառնա»։

Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը հանդիպման ավարտին տեղեկացրեց, որ ոչ մի հարց լուծում չի ստացել և Մաշադյանի հետ պայմանավորվել են կրկին հանդիպել։