Հովհաննիսյանի մուտքը Հայաստան արգելվել է՝ նրա կողմից երկրի անվտանգությանը գոյություն ունեցող սպառնալիքների պատճառով. ԱԱԾ

Նման հանգամանքներում երկրից ինձ արտաքսելը համարում եմ հակաօրինական. Անդրանիկ Հովհաննիսյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Օրբելի» կենտրոնի փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանի մուտքը Հայաստան արգելվել է՝ նրա հողմից ՀՀ պետական անվտանգությանը գոյություն ունեցող սպառնալիքների պատճառով։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ԱԱԾ լրատվական ծառայությունից։

«Անձին արգելվել է մուտք գործել ՀՀ՝ Օտարերկրացիների մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի Զ ենթակետի համաձայն»,-ասացին ԱԱԾ-ից։ Նշենք, որ ըստ այդ հոդվածի՝ Օտարերկրացուն ՀՀ մուտքի վիզա տրամադրելը մերժելը, մուտքի վիզան ուժը կորցրած ճանաչելը կամ մուտք գործելն արգելվում է, երբ գոյություն ունեն նրա կողմից ՀՀ պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ և հիմնավոր սպառնալիքներ։

Ավելի վաղ Անդրանիկ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ նոյեմբերի 11-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի և Հայ-Ռուսական համալսարանի կողմից մեկ շաբաթով գործուղվել էր Տաջիկստան՝ միջազգային գիտաժողովում Հայաստանը ներկայացնելու. «Մեկնելիս օդանավակայանի աշխատակիցը ինձնից վերցրեց կացության քարտս՝ պատճառաբանելով թե համակարգիչն այն անվավեր է ճանաչում։

Նոյեմբերի 16-ն ՀՀ վերադառնալիս «Զվարթնոց» օդանավակայանում ինձ արգելեցին մուտք գործել Հայաստան՝ առանց որևէ բացատրություն տալու։ Տրանզիտային գոտում 12 ժամ պահելով առանց հաց ու ջրի՝ արտաքսեցին Ռուսաստանի Դաշնություն»,-գրել է Անդրանիկ Հովհաննիսյանը։

Ֆեյսբուքյան մեկ այլ գրառման միջոցով վերջինս տեղեկացնում է, որ կապ է հաստատել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանի հետ՝ խնդրելով տրամադրել փաստաթղթեր, որոնց հիման վրա իրենից վերցրել են կացության քարտը և արգելել մուտք գործել Հայաստան.

«Պարզվում է, որ մոտ 2 ամիս առաջ՝ սույն թվականի սեպտեմբերի 25-ին ՀՀ ոստիկանության ԱՎ վարչության որոշմամբ անվավեր է ճանաչվել իմ կացության վկայականը։ Սույն որոշումը սեպտեմբերի 26-ին ուղարկվել է ինձ, սակայն ես հնարավորություն չեմ ունեցել ստանալու այն, քանի որ որոշումն ուղարկվել է ոչ թե իմ գրանցման և բնակության, այլ բոլորովին այլ՝ սխալ հասցեով։ Տվյալ նամակով նախատեսվում է որոշումը երկամսյա ժամկետում բողոքարկելու հնարավորություն, հակառակ դեպքում իմ կողմից երկիրը լքելու պարտավորություն։

Ինչպես հասկանում եք, ես հնարավորություն չեմ ունեցել օրենքով սահմանված կարգով ծանոթանալու տվյալ որոշմանը և բողոքարկելու այն դատարանում։ Նման հանգամանքներում երկրից ինձ արտաքսելը համարում եմ հակաօրինական»,- գրել է Անդրանիկ Հովհաննիսյանը։

Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան

Աղբյուր` Փաստինֆո