Ռուսլան Բաղդասարյանի ազատ տեղաշարժելու իրավունքը խախտելու վերաբերյալ հաղորդմանը իրավապահները դեռ ընթացք չեն տվել

Ես հետևողական եմ լինելու և չեմ սպասելու, որ նրանք ինձ անհանգստացնեն, ես եմ իրենց անհանգստացնելու, բայց այս պահի դրությամբ անգործություն է

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի փաստաբանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդմանը որևէ ընթացք չի տրվել։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց փաստաբան Հրանտ Անանյանը։ «Անգործություն են ցուցաբերում։ Նոյեմբերի 10-ին ենք դիմել, իսկ այսօր արդեն նոյեմբերի 16-ն է որևէ ձևով ընթացք չի տրվել։ Ես հետևողական եմ լինելու և չեմ սպասելու, որ նրանք ինձ անհանգստացնեն, ես եմ իրենց անհանգստացնելու, բայց այս պահի դրությամբ անգործություն է»,- ասաց Անանյանը։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Հրանտ Անանյանը «Զվարթնոց» օդանավակայանում հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Ոստիկանություն, քանի որ Ռուսլան Բաղդասարյանին թույլ չեն տվել հատել սահմանը։ Հրանտ Անանյանը վստահեցնում է՝ Բաղդասարյանի ազատ տեղաշարժի իրավունքն ապօրինաբար խախտվել է։ Փաստաբանի մատնանշած կարևոր հանգամանքն այն է, որ Բաղդասարյանն այդ ժամանակ չի ունեցել որևէ դատավարական կարգավիճակ, ուստի՝ կարող էր ազատ տեղաշարժվել։ 

 

Նշենք, որ դրանից հետո հայտարարվեց, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի,314-րդ հոդվածի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Քննիչը միջնորդություն էր ներկայացրել որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու համար, սակայն դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել գրավը՝սահմանելով 3 մլն դրամ։
Դատարանի որոշումից հետո Ռ.Բաղդասարյանը կնոջ առողջական խնդիրենրով պայմանավորված նոյեմբերի 12-ին մեկնել էր Հայաստանից եւ երեք օր անց՝ նոյեմբերի 15-ին, վերադարձել։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ նրան մեղադրում են 2012-ից 2014 թվականների ընթացքում 9 մլն դրամ հափշտակելու մեջ։ Ռ.Բաղդասարյանը հայտարարել է, որ մեղադրանքի չի ընդունում։ «Քաղաքային իշխանությունը կենտրոնացրել է իր ամբողջ ռեսուրսը Ռուսլան Բաղդասարյանի հետ հաշվեհարդար տեսնելու և ինչ-որ իրավախախտումներ կամ ընթացակարգային խախտումներ հայտնաբերելու համար, որպեսզի վերջինս չքննադատի քաղաքային իշխանության»,- «Փաստինֆո»-ին ասել էր փաստաբանը։

Աղբյուր` Փաստինֆո