Մայքլ Բլումբերգը 100 մլն դոլար կծախսի Թրամփի դեմ քաղաքական գովազդի համար

Դեմոկրատական կուսակցության համագումարը, որի ժամանակ կառաջադրվի նախագահի թեկնածուն, տեղի կունենա 2020թ․ հուլիսի 13-16-ը՝ Վիսկոնսին նահանգի Միլուոկի քաղաքում

Նյու Յորքի նախկին քաղաքապետ, միլիարդատեր Մայքլ Բլումբերգը, որը դիտարկում է Սպիտակ տան համար պայքարի մեջ մտնելու հավանականությունը, մտադիր է մոտ 100 մլն դոլար ծախսել Թրամփի դեմ համացանցում քաղաքական գովազդի եւ նրա վարկաբեկման համար, հայտնում է The New York Times-ը։

Լրատվամիջոցի տվյալներով, գովազդը հիմնականում «ուղղված կլինի տատանվող նահանգների ընտրողներին»։ Այդ նահանգներից են Արիզոնան, Միչիգանը, Փենսիլվանիան եւ Վիսկոնսինը։ Թերթը նշել է, որ Թրամփի վարկաբեկման համար նման չափի միջոցների տրամադրումը Բլումբերգի «ֆինանսական հզորության ցուցանիշ է»։

«Բլումբերգը Թրամփի հաղթելու համար ամենահարմար թեկնածուն է»,- ասել է նախկին քաղաքապետի քաղաքական խորհրդական Հովարդ Վուլֆսոնը։

Ներկայում նախագահական մրցավազքին դեմոկրատներից մասնակցում են մոտ 20 թեկնածուներ։ Դեմոկրատական կուսակցության համագումարը, որի ժամանակ կառաջադրվի նախագահի թեկնածուն, տեղի կունենա 2020թ․ հուլիսի 13-16-ը՝ Վիսկոնսին նահանգի Միլուոկի քաղաքում։ Morning Consult հետազոտական ծառայության անցկացրած հարցման համաձայն, Բլումբերգին սատարում է դեմոկրատների ընտրողների 4 տոկոսը, ինչով նա շատ է զիջում նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենին (31 տոկոս), Վերմոնտի նահանգից սենատոր Բերնի Սանդերսին (20 տոկոս) եւ Մասաչուսեթսի նահանգից սենատոր Էլիզաբեթ Ուորենին (18 տոկոս)։

 

Հանրապետական կուսակցությունից թեկնածուների թվում դեռեւս երկուսն են՝ Թրամփը եւ Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Բիլ Ուելդը։ ԱՄՆ նախագահի 59-րդ ընտրությունները կանցկացվեն 2020թ․ նոյեմբերի 3-ին։

Բլումբերգը 2002-2013թթ․ զբաղեցրել է Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնը։ Նա նաեւ հայտնի է որպես բարերար եւ ֆինանսական նորությունների նույնանուն գործակալության հիմնադիր։ Forbes ամսագրի գնահատականներով, նրա կարողությունը անցնում է 52 միլիարդ դոլարից։ «Եթե Բլումբերգը մասնակցի նախընտրական քարոզարշավին, ապա դա մեծ ազդեցություն կունենա Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածուի մյուս հավակնորդների առաջադրման վրա»,- news.am-ի փոխանցմամբ՝ նկատել է АP գործակալությունը։