Տիրոջը կանչելով` ազատվելու օրինակներ, քաջ լինենք

Մենք ևս մեր նեղությունների ժամերին կանչենք Նրան, հուսադրենք Նրա փրկագործության Խոստումին

e

ՍԱՂՄՈՍ ՃԶ (106)- Տիրոջը կանչելով` ազատվելու օրինակներ, քաջ լինենք, մենք ևս, մեր նեղությունների ժամերին կանչենք Նրան, հուսադրենք Նրա փրկագործության Խոստումին:

+
Խոստովանեցե՜ք Տիրոջը՝ Աստծո՛ւն, քանի որ քա՜ղցըր է Նա Իր էությամբ, քանի որ քա՜ղցըր է ողորմությունը Նրա պարգևած: Եվ դո՛ւք, որ Տիրոջ Ձեռքով փրկվեցիք, ամե՜ն- ամենքդ, որ ձեզ թշնամու ձեռքից ազատե՛ց, խոստովանեցե՜ք գործերը Նրա: Նա գավառներից հեռո՜ւ- հեռավոր՝ հավաքեց նրանց և՛ արևելքից և՛ արևմուտքից, հյուսիսի կողմից ու ծովից նաև:

Բայց անապատի անջրդի վայրում, ճամփան թողնելով՝ խոտո՛ր ընթացան և բնակվելու քաղաք չգտա՛ն: Քաղցի՛ մեջ ընկան ու ծարավեցին ու նրանց ներսում հոգին նվաղե՛ց: Եվ իրենց սաստիկ նեղության պահին կրկին Տիրո՛ջը աղաղակեցին, և այդժամ Տերը վշտակից դարձած՝ նրանց ազատե՛ց: Եվ նրանց ճամփան կրկին ուղղելով՝ առաջնո՛րդ եղավ, որպեսզի գնան դեպի քաղաքն այն, ուր պիտ բնակվեն: Եվ պիտի նրանք խոստովանե՛ն այդ, որ Տե՛րն այդ արեց Իր ողորմությամբ, և մարդու որդիք սքանչելիքները Նրա տեսնելով՝ գոհանա՛ն պիտի: Որովհետև որ, երբ քաղցած էին՝ Նա՛ կերակրեց, և հոգիները նրանց կարոտյալ՝ լցրեց բարությա՛մբ: Քանի որ նրանք անմիտ խավարում, մահվան ստվերի մեջ էին նստում և կապված էին աղքատությանը, ինչպես երկաթո՛վ: Քանի որ նրանք դառնացրեցին Աստծո Բանն անշեջ և խորհուրդները Բարձրյալի տված անտե՜ս անելով՝ ընկան բարկության հարվածների տակ:

Նրանց սրտերը խեղճացան ցավից ու տկարացան և ոչ ոք չկար, որ օգներ նրանց: Նա խավարից ու մահվան ստվերից ազատե՛ց նրանց և կապանքները նրանց խեղճացնող՝ ջարդե՛ց, դե՛ն նետեց: Եվ նրանք պիտի Տիրոջ շնորհած ողորմությունը անտես չթողնեն, այլ խոստովանե՛ն, և մարդկանց որդիք Նրա կատարած սքանչելիքների համար գոհանա՛ն: Որովհետև Նա փշրե՛ց պղնձե դռներն ու նրանց՝ բանտի մեջ պահող երկաթ ձողերը իսպա՛ռ խորտակեց: Անօրենության իրենց ճամփի մեջ Նա՛ օգնեց նրանց, որպեսզի ապրեն, քանի որ իրենց մեղքի պատճառով սաստիկ խեղճացան: Նրանց սրտերը գարշում էր ամեն մի կերակրից, մինչև մոտեցան մահվան դռներին:

Իրենց նեղության այդ ժամին նրանք աղաղակեցի՛ն, թե՝ Տե՛ր, օգնի՛ր մեզ, և Տերը նրանց վշտակից դարձած՝ փրկե՛ց, որ ապրե՛ն: Նա աստվածային Իր Խոսքն ուղարկեց, բժշկե՛ց նրանց և փրկե՛ց նրանց ապականվելու իրենց բարքերից: Եվ նրանք պիտի Տիրոջ պարգևած ողորմությունն այդ անտես չթողնե՛ն, այլ խոստովանե՛ն, և մարդկանց որդիք Նրա կատարած սքանչելիքների համար գոհանան: Նրան օրհնության ընծա- պատարագ պիտի մատուցեն, ցնծությամբ պատմեն այն ամենը, որ՝ Տե՛րը կատարեց, որպեսզի ապրեն: Եվ նրանք, ովքեր իրենց նավերով ծովն էին իջնում, և հսկայական այդ ջրերի մեջ կատարում գործեր, նրա՛նք էլ պիտի այդ ջրերի մեջ Տիրոջ գործերը տեսնե՛ն- ճանաչե՛ն, և Նրա Ձեռքի սքանչելի սուրբ կատարումներով հիանա՛ն ծովի անդունդի մեջ էլ: Նրա՛ Խոսքով է հողմն առաջ գալիս, մրրի՛կը նաև և ալիքները Նրա՛ Խոսքով են բարձրանում վեր և նավերի հետ՝ նավավարներին ալիքներն ահա հանում են երկի՛նք և իջեցնում խոր ձորերը ջրի և նավերի մեջ գտնվողների հոգին մաշվում էր ահի՛ պատճառով:

Եվ խռովեցի՛ն նավորդներն այդժամ, որպես արբածներ և նրանց ամբողջ իմաստությունը ընկղմվե՜ց, կորա՜վ: Եվ նրանք իրենց հասած նեղության այդ լարված ժամին՝ աղաղակեցի՜ն Տիրոջը, որ Նա հասնի՛ օգնության, և վշտակցելով Տերն այդժամ նրանց՝ Իր հզո՛ր Ձեռքով փրկե՛ց, որ ապրե՛ն: Նա ետ դարձրեց մրրիկն այդ օդի ու դադարեցի՛ն ալիքներն հզոր, և ուրախացա՛ն նրանք նավերում և առաջնորդեց ամեն մի նավի նավահանգիստն իր: Եվ նրանք պիտի Տիրոջ պարգևած ողորմությունը անտես չանելով՝ մի՛շտ խոստովանեն և մարդու որդիք Նրա կատարած սքանչելիքների՛ համար գոհանան:Նրա անունը բարձրացնեն վե՜ր՝ ժողովուրդների ժողովների մեջ, և իմաստությամբ դատեր որոշող ծերունիների աթոռի առջև միշտ օրհնե՜ն Նրան: Քանի որ Նա՛ է ի զորու միայն վարար գետերը ցամաքի փոխել, բազում ջրերի ընթացքն ուղղորդել ծարավուտ վայրեր: Առատ- պտղաբեր երկիրն երաշտով դարձնել տաղտո՛ւկ, անբերրի՛ մի տեղ, բնակիչների պատճառով, ովքեր՝ բարին թողնելով՝ հետամուտ եղան չարության գործին:

Չոր անապատը ճահճի վերածեց՝ ջրի կենարար ընթացքն ուղղելով պապա՛կ մի երկրի: Եվ քաղցածներին տարավ նրա մեջ ու կերակրեց, և նրանք իրենց քաղաքներն այնտեղ էլ կառուցեցին:Նրանք վարեցին արտերը այնտեղ, տնկեցի՛ն այգի՝ արմտիքների և այգու պտղի բերք հավաքելով: Եվ օրհնե՛ց նրանց Տերն ամեն բանով, բազմացա՛ն նրանք և անասուններն իրենց ունեցած՝ չպակասեցի՛ն:

Բայց պակասեցի՛ն մի օր իրենք իսկ՝ չարերի բերած նեղություններից և վշտերից մեծ: Եվ իշխանները նրանց շեղընթաց անարգությունների մեջ ընկան այնժամ, և Տերը նրանց մոլորեցրեց, որ անապատում ճամփան չգտնեն: Սակայն Տեր Աստված օգնե՛ց տնանկին՝ մխիթարական դարձնելով նրա վիճակը աղքատ, և առաջնորդեց ոչխարների պես, որպեսզի կարգի՛ն ազգ ձևավորեն երկրի երեսին:

Եվ նրանք, ովքեր ուղիղ են սրտով, տեսնելով, որ Տերն օգնության հասավ՝ պիտ ուրախանա՛ն, և բոլո՜ր- բոլոր անօրենները իրենց զազրախոս բերանը փակե՛ն:

Ո՞վ է իմաստուն այրն այն, որ իր մեջ հիշի՛, պահպանի՛ բոլոր բաներն այս, ըմբռնելով որ՝ ողորմությունն այդ Տե՛րը շնորհեց:

Փոխադրությունը Մաքսիմ Անդրանիկի Ոսկանյանի /գրաբարից/