«Ուղիղ ասում եմ՝ կպառկըցնենք ասֆալտին եւ կտանք պատերով». Նիկոլ Փաշինյան

Որեւէ մեկը չփորձի՝ նախկին կլինի, ներկա կլինի, ասենք, հանրապետության 2-րդ քաղաքի կեսը թալանել ա, կարա թպրտա՝ կտանք պատերով կպառկըցնենք ասֆալտին, թող ականջներին օղ անեն

«Մեր քաղաքական թիմը ձեւակերպել է քաղաքական խնդիր, որ ՀՀ –ում քրեական ենթամշակույթի քարոզչությունը եւ հերոսացումը պետք է արմատախիլ արվի, որովհետեւ դա կոռուպցիայի ամենամեծ ուղեկիցն է»,-խորհրդարանում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք միայն իրավական կարգավորումները բավարար են քրեական ենթամշակույթը արամատախիլ անելու գործում։

 «Եթե կան մարդիկ, այդ թվում՝ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ պատգամավորներ, որոնք մտածում են, թե այս հարցում կոմպրոմիսներ են լինելու կամ օրենքի հետ կապված կարող են միջնորդավորված ձեւով սպառնալ պատգամավորին, օրինակ, հարակից զեկուցողներին, ուղիղ ասում եմ՝ կպառկըցնենք ասֆալտին։ Հանկարծ մտքներով չանցնի, կպառկըցնենք ասֆալտին եւ կտանք պատերով՝ բառիս բուն իմաստով։ Որեւէ մեկը չփորձի՝ նախկին կլինի, ներկա կլինի, ասենք, հանրապետության 2-րդ քաղաքի կեսը թալանել ա, կարա թպրտա՝ կտանք պատերով կպառկըցնենք ասֆալտին, թող ականջներին օղ անեն, եթե օղ չեն անի, էդ տեսարանները դուք կտեսնեք իրականության մեջ»,-հայտարարել է ՀՀ վարչապետը։

Նշենք, որ շրջանառության մեջ է դրվել օրենքով գողերին, քրեական ենթամշակույթ կրող անձանց ու խմբավորումներին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրինագիծը։

Փաշինյանի խոսքով, եթե որեւէ պետական հիմնարկից, օրինակ, դպրոցից, գողություն է արվում, ամենապարզ ձեւը հանցագործությունը  բացահայտելու, այն է, որ եթե երեխաները տեսնում են, այդ մասին հայտնեն, մինչդեռ քրեական ենթամշակույթով դա  «գործ տալ» է համարվում։  

Ինչ վերաբերում է հարցին, արդյո՞ք սա բավարար է,  վարչապետն ասաց, որ չի կարող երաշխավորել, բայց այդ ճանապարհով պետք է գնալ։  «Եթե կտեսնենք բավարար չէ, ավելի խիստ միջոցներ կձեռնարկենք, բայց,  որ մենք պետք է այդ ճանապարհով գնանք, ինձ համար միանշանակ է եւ ես կարծում եմ, որ սա նաեւ ինչ-որ առումով հանրության առաջ ստանձնած պարտավաորություն է եւ այդ պարտավորությունը մենք պետք է կատարենք։ Դրանում ես համոզված եմ  նաեւ որպես ՔԿՀ-ի եւ այդ մշակույթի հետ անձամբ եւ ուղիղ առնչված մարդ», ասաց Փաշինյանը։

 

Աղբյուր` Փաստինֆո