«Ռեֆորմիստներ» կուսակցության ղեկավար Վահան Բաբայանն անդրադառնալով օրեր առաջ ուսանողների հետ զրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնած այն մտքին, թե Արայիկ Հարությունյանը որոշումներ միայնակ չի ընդունում, դա անում է Կառավարությունը, վստահեցնում է՝ միայն մեկ նախարարի հրաժարականով խնդիր չի լուծվելու, հայտնում է 168.am-ը:
«Արայիկ Հարությունյանը պետք է հեռանա, դրա մասին երկրորդ կարծիք չի կարող լինել, բայց ոչ Արայիկ Հարությունյանի, ոչ էլ մեկ այլ նախարարի հրաժարականով հարց չի լուծվելու, հարցը լուծվելու է միմիայն վարչապետի և այս ռեժիմի հեռացումով: Վարչապետն ինքն ասաց ցուցարարներին՝ ինչո՞ւ եք նախարարի հրաժարականը պահանջում, չէ՞ որ ծրագրային քաղաքականությունը որոշում է Կառավարությունը»:
Վահան Բաբայանի համար զարմանալի է, որ անգամ վարչապետի այս արտահայտությունից հետո ուսանողների պահանջը չի փոխվել:
«Եթե նախարարը հեռանա, սա կլինի Նիկոլ Փաշինյանի առաջին պարտությունը: Իր սուպերնախարարի կորստով նա ստիպված կլինի նահանջ կատարել, իսկ այն կլինի շատ ավելի լուրջ, քան որևէ մեկը պատկերացնում է»:
Ըստ Վահան Բաբայանի՝ Նիկոլ Փաշինյանն ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտնվել էր մի միջավայրում, որտեղ ինքը «հերոս» չէր, և նման վիճակներում այսուհետ վարչապետը շատ է հայտնվելու:
0Comments