Նեխուրը առողջ ապրելակերպ վարող բազմաթիվ մարդկանց սիրելի բույսերից է

Նեխուրն ունի օրգանիզմը մաքրող, երիտասարդացնող եւ ընդհանուր կերպով ամրացնող ազդեցություն

Նեխուրը (քյարաուզ) սննդաբանների և առողջ ապրելակերպ վարող բազմաթիվ մարդկանց սիրելի բույսերից է: Այն պարունակում է A, E, C, K, B խմբի վիտամիններ, ամինաթթուներ, բջջանյութ, եթերային յուղեր, մակրոտարրեր և միկրոտարրեր՝ կալիում, կալցիում, մագնիում, նատրիում, երկաթ, բոր, ֆոսֆոր, մանգան, սելեն և այլն:

Գոյություն ունի նեխուրի (քարավուզի) մի քանի տեսակ: Տերեւավոր նեխուրը` Apium Graveolens secalinum-ն ունի խոշոր, սուր հոտով տերեւներ: Այն վիտամինների իսկական շտեմարան է: Կոթունավոր նեխուրը` Apium Graveolens dulce, ունի երկար` 60-70սմ-անոց սպիտակ, կանաչ կամ վարդագույն կոթուններ: Նրանից պատրաստում են աղցաններ, խաշում են, տապակում են, եւ այլն: Արմատավոր նեխուրը` Apium Graveolens rapaceum, ունի խոշոր, մսոտ արմատ, որն ուտում են պանիրով` որպես աղցան, ավելացնում են տարբեր ապուրների մեջ: Վայրի նեխուրը հանդիպում է Միջերկրական ծովափի երկրներում` գետերի, լճերի ափին:

Բժշկության մեջ կիրառվում է հեւոցի եւ շնչառական ուղիների հիվանդությունների ժամանակ: Նեխուրն ունի օրգանիզմը մաքրող, երիտասարդացնող եւ ընդհանուր կերպով ամրացնող ազդեցություն:

Ունի միզամուղ հատկություն, կարգավորում է զարկերակային ճնշումը, ամրացնում է իմունիտետը: Արդյունավետ միջոց է նյարդային խանգարումների եւ սթրեսի բուժման համար: Նեխուրի հյութն ունի իսկապես հրաշալի հատկություն. այն օգնում է մաքրել օրգանիզմը թունավոր նյութերից, դանդաղեցնում ծերացման գործընթացը, կարգավորում է նյութափոխանակությունը:

Դիետոլոգները խորհուրդ են տալիս օրական 100 գրամ նեխուրի հյութ խմել գիրության, ավելորդ քաշի, մաշկի հիվանդությունների եւ շաքարախտի ժամանակ: 100 գրամ նեխուրի հյութին խառնել 1 ճաշի գդալ մեղր եւ խմել ուտելուց 30 րոպե առաջ, մարսողության, իմունիտետի ամրապնդման համար:

Քարավուզը ամրացնում է սրտամկանը, կարգավորում է նյութափոխանակությունը, բուժում է միզափամփուշտի հետ կապված հիվանդությունները: Նրանում պարունակվող ապիինի, լիմոնենի, ասպարագինի, կալիումի շնորհիվ` պրոֆիլակտիկ դերակատարում ունի օրգանիզմի համար: Սերմերը լայնորեն օգտագործվում են դեղագործության եւ օծանելիքի արտադրության մեջ: Քարավուզի արմատներից ստացվող աղը օրգանական նատրիումի մեծ աղբյուր է: Բուժիչ հատկություն ունի առաջին հերթին թարմ քարավուզը. սա պետք է հիշել: Քարավուզի ընդամենը 2 բարակ ցողունները բավարարում է օրվա մեջ մեզ անհրաժեշտ վիտամին A-ի 15% եւ վիտամին C-ի 15% քանակությունը: 2 ճաշի գդալ քարավուզի հյութն ընդամենը 2,7 կալորիա է պարունակում` ապահովելով մեզ օրվա ընթացքում անհրաժեշտ վիտամինների 150%-ը: 100 գրամ հյութն ունի 16 կալորիականություն: Միզամուղ հատկության շնորհիվ քարավուզն օգնում է միզասեռական համակարգի ինֆեկցիոն հիվանդությունների բուժմանը:

Ի դեպ, քարավուզը հնում հատկապես խորհուրդ է տրվել տղամարդկանց. հետագայում գիտականորեն ապացուցվել է, որ քարավուզի մեջ առկա նյութերը նպաստում են սեռական պոտենցիայի բարձրացմանը: Ճարպակալման դեմ պայքարելու եւ նաեւ նյութափոխանակությունը կարգավորելու համար խորհուրդ է տրվում սննդակարգի մեջ հնարավորինս շատ ընդգրկել քարավուզի տերեւները, ցողունը եւ արմատները: Քարավուզի հյութը` էսենցիան, կլանիչ հատկություն ունի եւ օրգանիզմից արագորեն կլանում է վնասակար նյութերը, այդ թվում` բժշկական դեղամիջոցների օգտակար եւ վնասակար նյութերը: Այդ պատճառով վտանգավոր է քարավուզի հյութ օգտագործել կարիճի կամ օձի խայթոցից հետո: