Էվո Մորալեսը հրաժարական է ներկայացրել, Ի՞նչ է կատարվում Բոլիվիայում

Ընտրությունների արդյունքներից դժգոհ ընդդիմության կողմնակիցները բողոքի ցույցեր էին սկսել, որոնք վերածվել էին անկարգությունների

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը նոյեմբերի 10-ին հայտարարել էր, որ հրաժարական է ներկայացնում: Ըստ տեղեկությունների, որոնք հրապարակել էր երկրի Բարձրագույն ընտրական դատարանը, Մորալեսը հաղթել է հոկտեմբերի 20-ին անցկացված նախագահական ընտրություններում: Ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո Բոլիվիայում ցույցեր էին սկսվել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ինչի՞ց ամեն ինչ սկսվեց

Հոկտեմբերի 20-ին Բոլիվիայում տեղի էին ունեցել նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ: Պետական բարձրագույն պաշտոնին հավակնում էին 9 թեկնածուներ, բայց հիմնական պայքարը ծավալվել է Բոլիվիայի ներկայիս առաջնորդ Էվո Մորալեսի եւ Կառլոս Մեսայի միջեւ, որը ժամանակին զբաղեցրել է Բոլիվիայի նախագահի պաշտոնը:

Կամարտահայտման առաջին արդյունքները հրապարակվել էին ընտրական տեղամասերը փակվելուց մի քանի ժամ հետո: Սակայն դրանից հետո ձայների հաշվարկն ընդհատվել էր, որից զգուշացել էին առաջին հերթին Բոլիվիայի ընդդիմությունը, ինչպես նաեւ Արգենտինայի, Բրազիլիայի, ԱՄՆ եւ Ամերիկան պետությունների կազմակերպության ղեկավարությունները: Բազմաժամյա ընդմիջումից հետո ընտրական հանձնաժողովը վերականգնել էր քվեարկության արդյունքների հրապարակումը: 100 տոկոս քվեաթերթերի մշակման արդյունքներով՝ ընտրություններում հաղթել էր Մորալեսը՝ ստանալով ձայների 47,08 տոկոսը, իսկ Մեսան՝ 36,51 տոկոսը:

Ընտրությունների արդյունքներից դժգոհ ընդդիմության կողմնակիցները բողոքի ցույցեր էին սկսել, որոնք վերածվել էին անկարգությունների: Սրա հետ կապված Էվո Մորալեսը հայտարարել էր արտակարգ դրության ռեժիմ եւ ընդդիմությանը մեղադրել պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի մեջ: Նոյեմբերի 10-ին չդադարող ցույցերի ֆոնին պետության առաջնորդը հայտարարել էր նոր նախագահական ընտրություններ անցկացնելու մասին: