Վրաերթի հետևանքով վերակենդանացման բաժանմունքում գտնվող 78-ամյա հետիտոնը հիվանդանոցում մահացել է

Փաստի առթիվ նախապատրաստվել էին նյութեր, իսկ այսօր հարուցվել է քրեական գործ

Երեկ՝ նոյեմբերի 10-ին, «Հրազդան» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Հրազդան քաղաքի բնակիչ, 78-ամյա Պապիկ Ծովյանը: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել նոյեմբերի 6-ին՝ Կոտայքի մարզում տեղի ունեցած վրաերթի հետևանքով:

Այդ օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 27-ամյա Վասպուր Կոստանյանը իր վարած ՎԱԶ-21723 մակնիշի 66 CG 669 համարանիշի ավտոմեքենայով՝ Երևան-Սևան ավտոճանապարհի 48 կմ հատվածում, դեպի Սևան ընթանալիս, վրաերթի էր ենթարկել Պ. Ծովյանին: Վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել էր հիվանդանոց, օգնել էր վրաերթի ենթակվածին տեղափոխել հիվանդանոց:

Փաստի առթիվ նախապատրաստվել էին նյութեր, իսկ այսօր հարուցվել է քրեական գործ: Աղբյուրի տեղեկություններով`հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն: Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում: