5 հնացած դեղամիջոց, որոնք դեռեւս լայն տարածում ունեն նախկին ԽՍՀՄ երկրներում

Լեւոմիցետինը հնացել է, եւ դրա հետ կապված են բազմաթիվ կողմնակի ազդեցություններ

Նախկին ԽՍՀՄ շատ բնակիչներ դեռեւս շարունակում են օգտագործել դեղամիջոցներ, որոնք ժամանակին օգտագործել են նրանց տատիկներն ու տատիկների տատիկները։ Այդ դեղերն այսօր համարվում են հնացած, իսկ դրանց արդյունավետությունը լուրջ կասկածներ է առաջացնում։

Անալգին

Անցյալ դարում անալգինը բավական տարածված ցավազրկող էր, հիմնականում որովհետեւ այլընտրանքը շատ չէր։ Բայց անալգինը կարող է առաջ բերել բազմաթիվ վտանգավոր կողմնակի ազդեցություններ, ուստի զարգացած շատ երկրներում այն այսօր արգելված է։ Բացի այդ, այսօր հասանելի են շատ ավելի արդյունավետ ու անվտանգ բազմաթիվ այլ ցավազրկողներ։

Բիսեպտոլ

Բիսեպտոլն անցյալում կիրառվում էր վերին շնչուղիների հիվանդությունների ժամանակ։ Բայց այդ եւ այլ հակաբիոտիկների ոչ ճիշտ օգտագործման պատճառով բազմաթիվ հիվանդածին միկրոօրգանիզմներ կայունություն են ձեռք բերել դրա հանդեպ։ Այսօր բիսեպտոլի օգտագործումը կարող է բուժական ոչ մի արդյունք չտալ։

Կորվալոլ

Մասնագետների խոսքով՝ կորվալոլ խմելը սրտի ցավերի ժամանակ անօգուտ է, այն բուժական արդյունք չի տալիս։ Բացի այդ, օրգանիզմը կարող է վարժվել դրան։

Վալիդոլ

Վալիդոլը նույնպես տարածված դեղերից մեկն է, բայց իրականում դրա ազդեցությունը համադրելի է պլացեբոյի էֆեկտին, նշում են փորձագետները։ Լավագույն դեպքում վալիդոլը կարող է ազդել որպես հանգստացուցիչ։

Լեւոմիցետին

Լեւոմիցետինը հնացել է, եւ դրա հետ կապված են բազմաթիվ կողմնակի ազդեցություններ։ Անհրաժեշտության դեպքում պետք է օգտագործել օրգանիզմի նկատմամբ ավելի խնայող հակաբիոտիկներ, եւ միայն բժշկի նշանակմամբ։