Կոնգոյից «Տերմինատորին» զանգվածային սպանությունների եւ բռնաբարությունների համար դատապարտել են 30 տարվա ազատազրկման

Առաջադրված մեղադրանքների թվում են սպանությունները, բռնաբարությունները եւ սեքսուալ ստրկությունը
Կոնգո

Միջազգային քրեական դատարանը կայացրել է իր ամենախիստ դատավճիռը՝ Կոնգոյից ռազմական հանցագործին, որը հայտնի է «Տերմինատոր» անունով,  դատապարտելով 30 տարվա բանտային ազատազրկման, հայտնում է CNN-ը։

Առաջադրված մեղադրանքների թվում են սպանությունները, բռնաբարությունները եւ սեքսուալ ստրկությունը։

Նշվում է, որ չնայած Միջազգային քրեական դատարանը առավելագույն խիստ պատիժն է սահմանել, հազվագյուտ դեպքերում այն նաեւ իրավունք ունի ցմահ ազատազրկման դատապարտել։

Հենց այդպիսի պատիժ էին Նտագանդայի համար պահանջել նրա զոհերի փաստաբանները։

Միաժամանակ, Human Rights Watch's-ի աֆրիկյան մասնաճյուղի գործադիր տնօրեն Իդա Սոյերը 30 տարվա ազատազրկումը բավարար պատիժ է համարել։

«Տերմինատոր» Բոսկո Նտագանդան մեղավոր է ճանաչվել Կոնգոյում 2002-2003թթ․ արյունալի էթնիկ հակամարտության ընթացքում զինյալների հրամանատար եղած ժամանակ կատարած 18 ռազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների համար։

Հենց այդ ժամանակահատվածում է Նտագանդայի ղեկավարությամբ ավազակախումբը տեղի բնակիչների, այդ թվում՝ կանանց, տղամարդկանց եւ երեխաների մի շարք սպանություններ ու բռնաբարություններ կատարել։ Ընդ որում, երեխաները նույնպես հավաքագրվել են որպես զինյալներ եւ նույնպես բռնաբարության են ենթարկվել։