Opel-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մետր գլորվել ձորը. կա զոհ

ՃՏՊ՝ Գյումրի-Բավրա ավտոճանապարհին

Նոյեմբերի 8-ին, ժամը 18:30-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գյումրի-Բավրա ավտոճանապարհին՝ «Ղոչի աղբյուր» կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռաֆիկ Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մետր գլորվել ձորը, ինչի հետևանքով ուղևոր Անդրանիկ Խ.-ն տեղում մահացել է, իսկ վարորդը և ուղևոր Արթուր Ս.-ն (ծնված 1995 թ.), մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները Ռաֆիկ Ա.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Արթուր Ս.-ինը՝ միջին ծանրության:

Փրկարարներն ուղևոր Ռոման Պ.-ին (ծնված 1994 թ.) ցուցաբերել են առաջին օգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Ռ.Պողոսյանը հոսպիտալացվել է «Սուրբ Տիրամայր Նարեկ» հիվանդանոց, այնուհետև տեղափոխվել Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը և Անդրանիկ Խ.-ի դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային: