Թայլանդում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ուղևորը թռիչքից վայրկյաններ առաջ տեղահան է արել օդանավի դուռը

Միջադեպը տեղի է ունեցել Airbus A320 օդանավում

Թայլանդում Thai Smile ավիաընկերության ինքնաթիռի թռիչքը հետաձգվել է այն բանից հետո, երբ ուղևորներից մեկը տեղահան է արել վթարային դուռը, գրում է Mirror-ը:

Միջադեպը տեղի է ունեցել Airbus A320 օդանավում, որը պետք է թռչեր հյուսիսային Չիանգմայից մայրաքաղաք Բանգկոկ: Ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ուղևորը թռիչքից մի քանի վայրկյան առաջ նետվել է դեպի ինքանթիռի ձախ թևի մոտ գտնվող դուռը և տեղահան արել այն:

Արդյունքում գործի է ընկել օդանավի վթարային համակարգը և օդաչուները ստիպված են եղել հետաձգել թռիչքը: 86 ուղևորներով ինքնաթիռը կարողացել է թռչել միայն մեկ ու կես ժամ անց:

Տղամարդը ձերբակալվել է, իսկ վարքագծի շարժառիթները դեռևս անհայտ են: Իրավապահ մարմինները քննում են միջադեպի հանգամանքները: