Նրանք ասում են, որ 70 տոկոս քվե են ստացել ու ամեն ինչ իրենք պետք է որոշեն. քաղաքագետ

Բոլոր իշխանությունների ցանկությունն է ավելի շատ իշխանություն ստանալ, սակայն ամեն ինչ պետք է կատարվի, սահմանադրության, օրենքներիի, բարոյականության շրջանակներում

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը լրագրողների հետ զրույցում խոսեց իշխանության կողմից իրականացվող քայելի մասին՝ նշելով, որ իրականում մանիպուլյացիոն քաղաքականություն է վարվում, որպեսզի գործադիր իշխանությունն ամբողջական իշխանություն ստանա բոլոր ճյուղերում:

«Հայտարարել էին, որ հեղափոխությունն արվել է, որպեսզի լավ ապրենք: Հաջորդ քայլով հայտարարվեց, որ լավ ապրելու համար պետք է արդարություն լինի, հետո ասացին, որ արդարության համար Ռոբերտ Քոչարյանը պետք է նստի, հետո ասացին, որ դրա համար պետք է Հրայր Թովմասյանին հանեն, հիմա բացատրում են, որ Հրայր Թովմասյանին հանելու համար պետք է Արսեն Բաբայանին նստեցնեն: Այսինքն մեր լավ ապրելու խնդիրը եկավ ու հասավ մինչ Արսեն Բաբայանին նստեցնելը:  Ես տեսնում եմ, որ հիմա արդեն 4-րդ իշխանությունը գրավելու փորձեր են արվում։ Կա նաև Արցախում իշխանությունը վերցնելու մտադրություն: Այսինքն, այսօրվա իշխանությունը փորձում է ստանալ ամբողջական իշխանություն: Պետք չէ մոռանալ Սահմանադրության մասին, որի գործն իշխանության տարանջատումն է: Բոլոր իշխանությունների ցանկությունն է ավելի շատ իշխանություն ստանալ, սակայն ամեն ինչ պետք է կատարվի, սահմանադրության, օրենքներիի, բարոյականության շրջանակներում: Մեր իշխանությունը չի ընդունում այդ սահմանները: Նրանք ասում են, որ 70 տոկոս քվե են ստացել ու ամեն ինչ իրենք պետք է որոշեն»,- ասաց Ենոքյանը:

Քաղաքագետի խոսքերով՝ խնդիր է նաև ընդդիմության բացակայությունը. «Այսօր ԱԺ-ում իրենց ընդդիմություն կոչող խմբեր ունենք, սակայն հաճախ տեսնում ենք, որ նրանք իշխանության երկրորդ ձեռքն են: Խորհրդարանից դուրս էլ չունենք կազմակերպված ընդդիմադիր խմբեր, որոնք իշխանությանը հայտ կներկայացնեն»,-ասաց նա: