Քաղաքագետ Աղասի Ենոքյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է վերջին օրերի ամենաքննարկվող թեմայի՝ կրթական ոլորտում բարեփոխումներին:
Ենոքյանը հայտնել է, որ բուհերում Հայոց լեզվի իմացությունը շատ ցածր մակարդակի վրա է:
«Իհարկե սա նախ դպրոցների խնդիրն է: Կարելի էր առաջարկել հայագիտական առարկաները հանել բուհերի պարտադիր ուսուցման ծրագրից և ուժեղացնել դպրոցներում Հայոց լեզվի դասավանդումը: Սակայն դա մեկ օրվա լուծման հարց չէ: Այստեղ անհրաժեշտ է ֆինանսավորում, կադրերի պատրաստում, դասագրքեր, որոշակի տեսլականի ստեղծում, ինչի արդյունքում հայերենին ավելի լավ մակարդակով կտիրապետեն: Դպրոցում բաց թողածը բուհում ավելացնելն օրախնդիր է: Երկրորդ հարցն այն է, որ բուհերում անհրաժեշտ է ըստ որոշակի մասնագիտությունների հայերեն լեզվամտածողության ստեղծումը, տերմինաբանության հետ ծանոթացումը»,-ասաց նա:
Ենոքյանի խոսքերով, օրինակ ամերիկյան համալսարաններում, թեկուզ ամենատեխնիկական մասնագիտությունների դեպքում, միշտ պահանջ կա, որ ուսանողները որոշակի ժամաքանակով հումանիտար առարկաներ անցնեն. «Կա նաև հակառակը: Սա ընդհանուր կրթության խնդիր է: Բանն այն է, որ դու չես պատրաստում նեղ մասնագետի, դու պատրաստում ես լայն սպեկտորի մասնագետ, ինչի համար հումանիտար կրթություն է պետք նաև օրինակ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողին»:
Բանախոսը կարծում է, որ միայն վերոնշյալ մեխանիզմով հնարավոր կլինի ստանալ նորմալ մտածող մարդ, այլապես կստացվի մի հաստոցի կցորդ, ինչ-որ մի լավ ծրագրավորող, ով չի լինի լիարժեք մտավորական. «Մեզ մոտ իհարկե բարդ կլինի ստիպել օրինակ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողին վերցնել ու 17-րդ դարի հայ գրականություն սովորել, բայց գոնե Հայոց պատմությունն ու Հայոց լեզուն որոշակիորեն լրացնում է բացը: Սա հաշվի առնելով համաձայն չեմ ԿԳՄՍՆ-ի նախաձեռնության հետ»:
«Էլ չեմ խոսում հայրենասիրական կրթության, քաղաքացի լինելու մասին: Այսօր օրինակ ԱՄՆ-ում դպրոցն ավարտած յուրաքանչյուր մարդ հստակ պատկերացումներ ունի իր սահմանադրության մասին, իսկ Հայաստանում ամենաբարձր ռանգի քաղաքական գործիչները չեն հասկանում, թե ինչ է սահմանադրությունը, որն է դրա նպատակն ու կարող է ցանկացած պահի ոտնահարել դա: Դա նույնպես հայրենասիրական կրթության մասն է, որը պետք է լրացնել հայագիտական առարկաներով»:
0Comments