Փաշինյանին սատարող քաղաքականապես ակտիվ ամբողջ հենքը բացահայտ արևմտամետ է. Ռոբերտ Քոչարյան

Հայաստանյան քաղաքական լանդշաֆտի մասին

Չնայած ձերբակալությանը՝ ՀՀ երկրորդ նախագահը մնում է ակտիվ քաղաքական գործիչ։ Sputnik Արմենիան նրա գրասենյակի միջոցով մի քանի թեմա է առաջարկել հնարավոր հարցազրույցի համար։

Ինչ է մտածում Ռոբերտ Քոչարյանը միջազգային իրավիճակի, տարածաշրջանում և երկրում տիրող իրավիճակի մասին: Հասկանալի պատճառներով ստացվել է ոչ թե հարցազրույց, այլ բացառիկ տեքստ, որը հեղինակը պատրաստել է քննչական մեկուսարանում։

Հայաստանյան քաղաքական լանդշաֆտի մասին

Ինչպիսի՞ն է այսօր Հայաստանի քաղաքական լանդշաֆտը։ Բացառությամբ մեկ-երկու քաղաքական սուբյեկտայնություն չունեցող տեխնոկրատ-նախարարների, կառավարությունը և խորհրդարանական մեծամասնության միջուկը կազմված է ամերիկյան գրանտներով սնուցված մարդկանցից: Իշխանությունը լրատվական աջակցություն է ստանում բացառապես արևմտամետ դիրքորոշում ունեցող ԶԼՄ-ներից, որոնց առաջամարտիկը «Ազատություն» ռադիոկայանն է:

Բոլոր իշխանամետ կուսակցությունները, քաղաքական գործիչները և ոչ կառավարական կազմակերպություններն ունեն ակնհայտ հակառուսական կողմնորոշում և որպես կանոն «նստած» են արևմտյան ֆինանսավորման վրա: Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ակտիվ սատարում է նաև ահաբեկչական համբավ ունեցող կուսակցությունը, որը ագրեսիվորեն պայքարում է ռուսական ռազմաբազան Հայաստանից անմիջապես դուրս բերելու համար: Փաստորեն, վարչապետին սատարող քաղաքականապես ակտիվ ամբողջ հենքը բացահայտ արևմտամետ է: Եվ այս ամենը՝ իշխանությունների կողմից նախկին արտաքին քաղաքական կուրսի շարունակության և Ռուսաստանի հանդեպ պարբերական ռևերանսներ անելու պայմաններում:

Մյուս կողմից, քաղաքական կուսակցությունները և գործիչները, որոնց կողմնորոշումը Ռուսաստանի հետ բազմակողմանի համագործակցությունն է, չեն սատարում գործող իշխանությանը և բացարձակապես չեն վստահում նրան: Բոլորը ենթադրում են, որ իշխանության արևմտամետ տեսակետները, բախվելով կախվածությանը ռուսական էներգակիրներից և շուկայից, վերափոխվում են մանրախնդիր պրագմատիզմի: Պատկերն իրոք պարադոքսալ է։

Որքան կձգվի իշխող էլիտայի այս «գեոքաղաքական երկվությունը», կախված է միայն իրավիճակային հանգամանքներից: Կառավարության հանդեպ արտաքին վստահության ամբողջ ռեսուրսը մսխվում է համոզմունքների և պրակտիկ գործողությունների միջև գոյություն ունեցող կոնֆլիկտը բացատրելու անփույթ խուսանավումների վրա:

Արդյունքում Հայաստանն ապրում է առանց զարգացման կոնցեպտուալ ծրագրերի՝ մեկօրյա հոգսերի, դատարկ լոզունգների և արտաքին քաղաքական անորոշ ուղենիշների ռեժիմով: