Արայիկ Հարությունյանը անտեղյակ է սեփական ժողովրդի պատմությունից. Վարագյան

Եթե պարոն պատմական գիտությունների թեկնածուն այսքանն իմանար, ապա Դաշնակցության հետ հարաբերվելու շատ ավելի արդյունավետ մեթոդների մասին կմտածեր

ԿԳՄՍ նախարար, համատեղության կարգով պատմական գիտությունների թեկնածու Արայիկ Հարությունյանը, որ արաբական երկրների պատմությունը ուսումնասիրելու հետ մեկտեղ մի փոքր ավելի մեծ ուշադրություն դարձներ սեփական ժողովրդի պատմության և հատկապես` քաղաքական պատմության ուսումնասիրությանը, այսօր մամուլի հետ ճեպազրույցի ընթացքում չէր փորձի ճեղքեր որոնել Հայ Հեղափոխական Դաշնակցության կառուցվածքում` «դիմելով ոչ հայաստանցի դաշնակցականներին, նրանց ղեկավարությանը, որպեսզի տեր կանգնեն իրենց կուսակցությանը, որովհետև այն անդաստիարակ պահվածքը, որ դրսևորում է դաշնակցությունը, պատիվ չի բերում մեր ամենահին կուսակցություններից մեկին» (ուղիղ մեջբերում իր խոսքից):

Պարոն նախարարը որ բավարար չափով ուսումնասիրած լիներ իր ժողովրդի գոնե վերջին 130 տարվա քաղաքական պատմությունը, հիմա կիմանար, որ այդ պատմությունը բազմաթիվ թելերով կապված է Դաշնակցության անվան հետ: Իսկ եթե հայ քաղաքական իրականության մեջ մի կուսակցություն կարողացել է շուրջ 130 տարի գոյատևել, բազմիցս հանդես է եկել առաջնորդողի դերում, տարբեր ժամանակահատվածներում մեր ժողովրդի լինել-չլինելու ամենաճակատագրական պահերին անուրանալի ծառայություններ է մատուցել, ապա Հայաստանում, Արցախում և արտասահմանում ունի այնպիսի կառուցվածքային արդյունավետություն և փոխլրացում, որ ճեղքեր փնտրելը կամ ճեղքեր առաջացնելն ուղղակի ժամանակի անիմաստ վատնում է:

Ի վերջո, պարոն նախարարը որ իր ժողովրդի քաղաքական պատմությանը ծանոթ լիներ, ապա կիմանար, որ Դաշնակցությանը փորձել են պառակտել ու ոչնչացնել օսմանները, երիտթուրքերը, Կովկասում ցարական փոխարքաները: Չի ստացվել, բանտերում տանջել ու կացնահարել են բոլշևիկները: Չի ստացվել: 1990-ականների կեսերին փորձել են պառակտել, արգելել ու բանտարկել, միևնույնն է` չի ստացվել: Եթե պարոն պատմական գիտությունների թեկնածուն այսքանն իմանար, ապա Դաշնակցության հետ հարաբերվելու շատ ավելի արդյունավետ մեթոդների մասին կմտածեր: Ափսոս որ չգիտի:

ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյան