Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո ԱՄՆ դեսպանին կկանչե՞ն ԱԳՆ

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության՝ Միացյալ Նահանգների դիրքորոշումը հաստատող թիվ 296 բանաձևի ընդունման կապակցությամբ

Հայ իրականության մեջ հաճախ ենք հանդիպում հետևյալ տենդենցին՝ մենք ղեկավար չսիրող տեսակ ենք և հնարավոր առիթի դեպքում քարը քարի վրա չթողնելով՝ քննադատում ենք ու գամում անարգանքի սյունին։ Ասվածի վառ օրինակը ՀՀ նախկին երկու ղեկավարների նկատմամբ տարվող տոտալ հակաքարոզն է, որին լծված է գործող իշխանության ողջ ագիտպրոպը։ Սակայն, որքան էլ փորձում են վարկաբեկել նախկիններին, միևնույն է, միջազգային դիվանագիտական-քաղաքական լուրջ շրջանակները տեղի ունեցող զարգացումներին հետևում են ուշի ուշով և իրենց կողմից կատարում համապատասխան քայլեր։

Ինչպես հայտնի է՝ նոյեմբերի 5-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հանդիպումը` վերջինիս նախաձեռնությամբ: Նշենք, որ հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀԿ ԳՄ և ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչներ:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության՝ Միացյալ Նահանգների դիրքորոշումը հաստատող թիվ 296 բանաձևի ընդունման կապակցությամբ: «Հայաստանի իրական ժողովրդավարացումն այլընտրանք չունի: Մենք երկար տարիներ աշխատել ենք այդ ուղղությամբ` միաժամանակ կառուցելով փոխշահավետ գործընկերային հարաբերություններ, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ: Իրական ժողովրդավարությունն է աշխարհում շատ պետությունների համար լրջագույն մարտահրավեր դարձած պոպուլիզմի պատասխանը: Մեր կուսակցության համար շարունակելու են գերակա մնալ ՀՀ-ի և Արցախի անվտանգության, տարածաշրջանում կայունության և խաղաղության հարցերը»,- ասել է Սարգսյանը:

Ի՞նչ է ակնարկում Սերժ Սարգսյանը, երբ նախ՝ ՀՀԿ քաղաքական դպրոցում, ապա՝ նաև ԱՄՆ-ի դեսպանի հետ հանդիպմանը խոսում է երկրում տիրող պոպուլիզմի շղարշի մասին։ Հավանաբար այն, որ, երբ Փաշինյանը տասնյակ-հազարավոր մարդկանց ներկայությամբ հայտարարում է, թե Հայաստանում փաստացի կառավարման նոր համակարգ է գործում, որ այսուհետ կառավարությունը հաշվետու է հրապարակում կանգնած քաղաքացուն, որ չկա կոալիցիոն կառավարություն, այլ կա ժողովրդի իշխանություն, որ բազմաթիվ հարցեր այսուհետ լուծվելու են հանրաքվեներով, որ նույնիսկ ղարաբաղյան բանակցություններում վերջնական որոշում կընդունվի միայն քաղաքացիների հավանությամբ, և այլն, այս ամենը պոպուլիզմ է և դեմագոգիա, ուրիշ ոչինչ։ Նույնիսկ որևէ մասնագիտական գրականության մեջ դրան այլ անվանում հնարավոր չէ գտնել։

Եթե այս հանդիպումը դիտարկենք օրերս ՀՀԿ քաղաքական դպրոցում Ս. Սարգսյանի՝ իրեն ձերբակալելու վերաբերյալ հնչեցրած թեզերի կոնտեքստից, ապա ակնհայտ է դառնում, որ ԱՄՆ քաղաքականության հայաստանյան պատասխանատուն լուրջ հետաքրքրված է ընթացող ներհայաստանյան անհասկանալի ու անհեռատես զարգացումներով, և ինչ-որ տեղ ՀՀ երրորդ նախագահի հնչեցրած ակնհայտ մեսիջները մտահոգության տեղիք են տվել։

Նախագահ Սարգսյանի և դեսպան Թրեյսիի հանդիպումը, անշուշտ, քաղաքական զարգացումների հատկանշական ցուցիչ է, որքան էլ տարբեր դեսպանների տարբեր հանդիպումները Հայաստանում գործող քաղաքական ուժերի, նախկին նախագահների և այլ գործիչների հետ ունեն պարբերական բնույթ և վաղուց աննախադեպ կամ արտառոց երևույթ չեն: Այդուհանդերձ, դրանցից յուրաքանչյուրն իր ժամանակի ու քաղաքական տարածության մեջ արտացոլում է զարգացումների որոշակի տրամաբանություն։ Միանշանակ է այն փաստը, որ ՀՀ երրորդ նախագահն ու Հայաստանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպանն իրականում ունեին միմյանց հետ լուրջ քննարկման թեմաներ՝ սկսած ՀՀ-ում ընթացող ներքաղաքական քաոսային իրավիճակից, Երկրորդ նախագահին կալանավորելուց, դատաիրավական ոլորտում տեղի ունեցող ռեպրեսիաների ու Սահմանադրական դատարանի շուրջ ընթացող «բոլոլայի» զարգացումներից, վերջացրած աշխարհաքաղաքական վերադասավորումներով, ԱՄՆ-ի շահագրգիռ քաղաքականությամբ տարածաշրջանում, ինչպես նաև Արցախի հիմնահարցի բանակցային կոլապսի նրբերանգներով։

Ակնհայտ է՝ վերջին մեկուկես տարվա ընթացքում նախկին իշխանությունների՝ ՀՀԿ-ի նկատմամբ գործող իշխանությունները բացահայտ տոտալ հակաքարոզչություն ու ռեպրեսիվ մեխանիզմներ են կիրառում, սկսած դեռևս ԱԺ-ում գտնվելու պահից, երբ փորձեցին կազմաքանդել խմբակցությունը։ Այնուհետև արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեղի ունեցան քաղաքական «բլոկադա», բացահայտ վարչական ռեսուրսի կիրառում ու տարբեր տիպի զսպման գործիքակազմի օգտագործում՝ փորձելով ՀՀ քաղաքական հարթակից ՀՀԿ-ին «հալածել, ոչնչացնել ու թաղել»։ Չնայած այդ ամենին, այսօր ՀՀԿ-ն հիմնական ընդդիմախոսն է գործող իշխանությունների։ Այդ է պատճառը, որ գործող իշխանությունները ջղաձգումներով ընդունեցին վերջին շրջանում Սերժ Սարգսյանի ակտիվությունը և, մասնավորապես, ԱՄՆ դեսպանի հետ հանդիպման փաստը։ Սա իր հերթին՝ նշանակում է, որ դիվանագիտական և միջազգային շրջանակները գիտակցում են ՀՀ ներքաղաքական և արտաքին քաղաքական կյանքում ՀՀԿ-ի դերը և, մասնավորապես, Սերժ Սարգսյանի դերակատարումը։

Ակնհայտ է նաև, որ ԱՄՆ-ը քաղաքական գործընթաց է սկսում Սերժ Սարգսյանի հետ, ինչը նշանակում է, որ Վաշինգտոնն այդ առումով անբավարար է գնահատում ՀՀ քաղաքական նոր ղեկավարության գործունեությունը և տեսնում է այստեղ նոր ռեսուրսի ներգրավման անհրաժեշտություն, որն ավելի կայացած է ու քաղաքականապես պրակտիկ ու գրագետ։

Ակնհայտ է, որ դեսպան Թրեյսին հանդիպումներ է ունենալու նաև այլ քաղաքական ուժերի ղեկավար կազմերի հետ, սակայն շատ խորհրդանշական է, որ ԱՄՆ դեսպանը արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումը սկսում է հենց Սարգսյանի հետ հանդիպմամբ։ Այսինքն՝ այն, ինչը ՀՀԿ-ն մեկուկես տարի բարձրաձայնում էր, որ իրենք ամենամեծ արտախորհրդարանական ուժն են։ Այստեղ տեղին է հավելել, որ մի քանի ամիս առաջ Ամերիկյան հանրապետական ինստիտուտը սոցհարցումներ էր հրապարակել, որի արդյունքներով ՀՀԿ-ն ՀՀ քաղաքական դաշտում՝ որպես քաղաքական ուժ, իր վարկանիշով զբաղեցնում էր երրորդ հորիզոնականը (ի դեպ, այդ սոցհարցման արդյունքները բավականին ցավալի էին ընդունել հայաստանյան սեգմենտում)։ Ըստ էության ամերիկացիները ներսից ավելի լավ գիտեն սոցհարցման իրական արդյունքները և տվյալ քաղաքական ուժի պոտենցիալը՝ հաշվի առնելով իրենց հարցումները, ինչպես նաև հետախուզության տրամադրած տեղեկությունները։ Մի կարևոր հանգամանք ևս․ ընդամենը մի քանի օր առաջ ԱՄՆ դեսպան Թրեյսին հանդիպել էր Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո հանդիպում է ունենում ՀՀԿ նախագահի հետ։ Դիվանագիտության մեջ պատահականություններ չեն լինում, ամեն ինչ նախապես մտածված է լինում։ Ի՞նչ էր ցանկանում հասկացնել դեսպանն իր այս ժեստով։ Թերևս հենց այն, որ գործող իշխանություններին ընդդիմադիր տեսնում է հենց ՀՀԿ-ին, Նիկոլին ընդդիմադիր՝ Սերժին։ Փաստորեն, Սերժը «սևեր»-ով էլ է լավ խաղում։

Ընդհանրապես նորմալ պրակտիկա է, երբ դեսպանները հյուրընկալվում են նախկին նախագահներին։ Ու քանի որ նախկին նախագահները պետական ինստիտուտ են, գործողներն էլ պետք է նրանց մասին արտահայտվելիս հնարավորինս զուսպ ու կոռեկտ լինեն, քանի որ, ըստ էության, բոլորը մի օր դառնում են նախկին։

Արմեն Հովասափյան

ՀԳ Հունիսի 13-ին Ռոբերտ Քոչարյանը հանդիպում էր ունեցել ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ, ինչից հետո իշխող ուժի մի շարք ներկայացուցիչներ բարձր մակարդակով սկսեցին քննադատել այդ հանդիպումը: Բանն անգամ հասավ նրան, որ դեսպանին հրավիրեցին ԱԳՆ: Հետաքրքիր է, ԱՄՆ դեսպանի հանդիպումից հետո նրա նկատմամբ ի՞նչ գրոհ կսկսվի, քանի որ հանդիպել էր «բռնակալ» ու «քրեաօլիգարխիայի հայր» Սերժ Սարգսյանի հետ։