«Կոմիվոյաժորի մահը» ներկայացման ամենաթեժ պահին թատրոնի առաստաղի մի կտորը, փլուզվել է

Պատահարը տեղի է ունեցել չորեքշաբթի երեկոյան Լոնդոնի Պիկադիլի թատրոնում

Մի քանի մարդ թեթեւ վնասվածքներ է ստացել այն բանից հետո, երբ լոնդոնյան թատրոնում ներկայացման կեսին առաստաղի մի կտորը փլուզվել է: Մայրաքաղաքային ոստիկանության հաղորդագրության մեջ նշված է, որ պատահարը տեղի է ունեցել չորեքշաբթի երեկոյան Պիկադիլի թատրոնում «Կոմիվոյաժորի մահը» ներկայացման ամենաթեժ պահին, որում գլխավոր դերում հանդես էր գալիս ամերիկացի դերասան Ուենդել Փիրսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ոստիկանները թատրոն են եկել հրշեջ հաշվարկների եւ բժիշկների հետ 19:59-ին առաստաղի փլուզման մասին հաղորդումը ստանալուց հետո: Բոլոր մարդկանց թատրոնից դուրս են բերել: Ոմանք աննշան վնասվածքներ են ստացել»,- նշված է Սքոթլանդ Յարդի հաղորդագրության մեջ:

Sky News-ը հրապարակել է հանդիսատեսից ոմանց կատարած լուսանկարները: Դրանցում երեւում է առաստաղին գոյացած անցքը՝ գրեթե 3x2 մետր չափերով: Դրանից կախված են լարեր: 91 տարի առաջ կառուցված թատրոնի որոշ այցելուներ համացանցում հայտնել են, որ առաստաղի ճռռոցով փլուզվելուց եւ ջուր թափվելուց առաջ իրենք լսել են հոսող ջրի մեծացող աղմուկ: