Իշխանություններն ասում են, որ շռայլություններ թույլ չեն տալիս, բայց շատ չանցած` նման դեպքի ենք ականատես լինում. Ավագանու անդամ

«Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը`անդրադարձել է քաղաքապետ Հայկ Մարությանի՝ ինքնաթիռով Վրաստան մեկնելուն

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այն անձն է, որը միշտ հայտարարում է, թե քաղաքապետարանի բյուջեն տնտեսվում է. այդ դեպքում Երևանից Թբիլիսի ինքնաթիռով մեկնելը, բնականաբար, սուր է ընկալվում:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը` անդրադառնալով հոկտեմբերի 4-9-ը Երևանի քաղաքապետարանի պատվիրակության` Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի ինքնաթիռով մեկնելուն:

Ըստ Վարդանյանի, ինքնաթիռով մեկնումը, բնականաբար, ժամանակի խնայողություն է ենթադրում, սակայն ցանկացած ծախս պետք է ունենա իր հիմնավոր բացատրությունը:

«Եթե ներկա իշխանությունները եկել և ասում են, որ շռայլություններ թույլ չեն տալիս, անընդհատ փաստում են իրենց ծայրահեղ նվիրվածությունը, տնտեսելու հմտությունները, բայց շատ չանցած` նման դեպքի մասին ենք տեղեկանում, ինչպես, օրինակ, տեղեկացանք, որ դեռևս գարնանից Կառավարության անդամների աշխատավարձերը գաղտնի կերպով բարձրացվել են, հարցեր են առաջանում»,-նշեց Վարդանյանը:

Ըստ ավագանու անդամի` բացի այն, որ քաղաքային իշխանությունները, նախորդ իշխանություններին շռայլության մեջ մեղադրելով են կատարում գրեթե նույնը, նաև` աշխատանք չեն կատարում շատ հարցերում:

«Ասում են` գումար են տնտեսում, բայց պարզապես որոշ աշխատանքներ չեն արվում: Ասում են` ավելի շատ գումար են հավաքագրում, քան` նախկինում, բայց թերհավաքագրում են իրականացնում, պարզապես տեղական տուրքերը բարձրացան, դրա հաշվին ավելի շատ գումար է հավաքվում, բայց դա չի նշանակում, թե շատ հավաքագրում են արել»,-մեկնաբանեց Վարդանյանը` նշելով, թե այդ հայտարարություններն ընդամենը «ժողովրդի աչքին թոզ փչելու նուրբ արվեստն են»:

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանի խոսքով` Երևանից Թբիլիսի ինքնաթիռով մեկնելը շռայլություն չէ, պետք է հաշվարկել, թե ինչ կարժենար մեկնումը, եթե այն լիներ ավտոմեքենաներով, համեմատել ինքնաթիռով և ավտոմեքենայով մեկնումների ժամային և գնային հարաբերակցությունը:

«Պաշտոնական պատվիրակությունների մեկնումների դեպքում կարևոր է ոչ միայն զուտ թվային արտահայտությունը, այլև` ընթացքում ծախսված այլ ռեսուրսներ` ժամանակային, մարդկային: Ավտոմեքենաներով մեկնման դեպքում պետք է հաշվի առնել, որ դրանք սպասարկող վարորդների գեշերակացի, սննդի և այլ հարցեր կան»,-ասաց Կարապետյանը` նշելով, որ Երևանից Թբիլիսի ավտոմեքենայով մեկնումը, եթե սահմանին կանգ չլինի, տևում է մոտավորապես  5 ժամ, իսկ սահմանին կանգի դեպքում, բնականաբար, ավելի երկար, իսկ կանգն անխուսափելի է:

«Ինքնաթիռով մեկնման դեպքում ժամանակի խնայողություն է եղել` բուն թռիչքը տևել է 27 րոպե: Թռիչքը տեղի է ունեցել էկոնոմ դասի տոմսերով»,-ասաց քաղաքապետարանի մամուլի քարտուղարը:

Անդրադառնալով հրապարակման մեջ նշվող դիտարկմանը, թե նախկինում չի եղել, որ քաղաքային իշխանությունները Երևանից Թբիլիսի մեկնեն ինքնաթիռով, Հակոբ Կարապետյանն ասաց, թե պատճառն ավելի քան պարզ է` նախկինում Երևան-Թբիլիսի ուղիղ թռիչքներ չեն եղել: