Դավիթ Սանասարյանին առնչվող երկու քրեական գործերը ՔԿ-ն վարույթ է ընդունել

Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ անչափահասին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ ճանապարհային ոստիկանությունում հարուցվել էր քրեական գործ

Քննչական կոմիտեն ստացել է Դավիթ Սանասարյանին առնչվող երկու քրեական գործերը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը։

Նրա փոխանցմամբ՝ Դավիթ Սանասարյանի կողմից անչափահասին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի վարույթում:
Ինչը վերաբերվում է Դավիթ Սանասարյանից ենթադրյալ շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին, ապա այն գտնվում է քրեական գործին ՔԿ Էրեբունու քննչական բաժնի վարույթում։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ անչափահասին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ ճանապարհային ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 12-ին, սակայն այդ մասին հայտնի դարձավ միայն հոկտեմբերին՝ մամուլի հրապարակումներից։ Դավիթ Սանասարյանը իր ֆեյսբուքյան էջում նախ հերքել էր այդ լուրը, այնուհետև, երբ մամուլում հրապարակվեցին տուժած 9-ամյա երեխայի և նրա մոր վկայությունները, տեսագրությունը, որտեղ տեսանելի էր Դավիթ Սանասարյանը՝ հիվանդանոցում, վերջինս նոր հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ ոչ թե վրաերթի է ենթարկել, այլ «երեխան մեքենայի կողքից՝ քարի վրայից թռնելուց դիպչել է մեքենային՝ ընկել գետնին»։ Դավիթ Սանասարյանը գրել էր, թե մարդասիրությունից ելնելով՝ նրանց հետ գնացել է բժշկական կենտրոն։

Փաստն այն է, որ երեխան վնասվածքով տեղափոխվել է բժշկական կենտրոն, սակայն պատահարի մասին ճանապարհային ոստիկանությունում դեպքի օրն ահազանգ չի ստացվել, ոչ էլ բժշկական կենտրոնից են ոստիկանություն ահազանգել՝ վնասվածքով երեխայի բուժօգնության տեղափոխվելու մասին, թեեւ ցանկացած վնասվածքով բուժօգնության տեղափոխվելու դեպքի մասին բժշկական կենտրոնից պարտավոր են տեղեկացնել ոստիկանությանը, որն էլ արդեն պարզում է դեպքի հանգամանքները, նշանակում փորձաքննություն՝ համոզվելու վնասվածքը կարող էր առաջանալ նկարագրված պայմաններում, թե ոչ։

Ակնհայտ է, որ բժշկական կենտրոնը թաքցրել է դեպքը։

Ինքը՝ Դավիթ Սանասարյանը հանդես է եկել պատասխան մեղադրանքներով՝ հայտարարելով, թե անչափահասի մայրն իրենից գումար է պահանջել եւ այս հայտարարության հիման վրա եւս հարուցվել է քրեական գործ՝ Էրեբունու ոստիկանությունում՝ Դ.Սանասարյանից շորթում կատարելու դեպքի առթիվ։