Թաջ Մահալը փորձում են փրկել օդամաքրիչ սարքերով

Դամբարանն աստիճանաբար կորցնում է իր գույնը, մարմարե սպիտակ գույնը դառնում է կեղտոտ դեղին

Աշխարհի հրաշալիքներից մեկը՝ Հնդկաստանի հյուսիսում՝ Ագրա քաղաքում գտնվող Թաջ Մահալի դամբարանը, դարձել է մթնոլորտի աղտոտման եւ կլիմայի փոփոխությունների զոհը, գրում է Reuters-ը:

Պատմության, ճարտարապետության եւ սիրո հուշարձանը փրկելու համար քաղաքային իշխանությունները համալիրի դարպասների մոտ շարժական օդամաքրիչ սարքեր են տեղադրել: Դրանք կարող են զտել մինչեւ 1,5 մլրդ խորանարդ մետր օդը 8 ժամվա ընթացքում 300 մ շառավղով՝ ասում է Ագրայի մունիցիպալ կորպորացիայի գլխավոր ինժեներ Ռաջիվ Կումար Ռատին:

Նրա խոսքով՝ ամեն ժամ տվյալներ են ստացվում այն շրջանների մասին, որտեղ վնասակար նյութերի կտրուկ աճ է գրանցվել: Եվ այդ շրջաններ, նրա խոսքով, օդամաքրիչ սարքեր են ուղարկվում:

Ագրայում չի դադարում զբոսաշրջիկների հոսքը: Սակայն Դելի ժամանած զբոսաշրջիկները խիտ սմոգի պատճառով չեն կարողանում ոչինչ տեսնել:

Դամբարանն աստիճանաբար կորցնում է իր գույնը, մարմարե սպիտակ գույնը դառնում է կեղտոտ դեղին: Ուտտար-Պրադեշի կառավարությունն ու Ագրայի վարչակազմը փորձում են պայքարել էկոլոգիական աղետի դեմ:

Շինարարներին, կոմունալ աշխատողներին պարտավորեցրել են ջրով մաքրել ճանապարհներն ու փողոցները: Սակայն ձեռնարկված միջոցները դեռեւս արդյունք չեն տալիս: