Բնակարանային խոշոր գողություն Քաջարանում

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալի և ոստիկանության Քաջարանի բաժանմունքի պետի գլխավորությամբ

Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում  նոյեմբերի 4-ին, Սյունիքում տեղի ունեցած բնակարանային գողության փաստով։ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  այդ օրը, ժամը 16-ից մինչև 21-ն ընկած հատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Քաջարան քաղաքի Բակունցի փողոցի տներից մեկի բնակիչ Ռիմա Գ-ի բնակարանի մուտքի դռան փականը բացելու միջոցով ներս են մտել բնակարան և զարդապահարանի դարակից հափշտակել խոշոր չափի գումար և մոտ 12 կտոր ոսկյա զարդեր։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալի և ոստիկանության Քաջարանի բաժանմունքի պետի գլխավորությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժած Ռիմա Գ-ն Քաջարանում հայտնի անհատ ձեռներեց է, իսկ բնակարանից գողացել են մոտ 5,5 մլն  դրամ և նշված ոսկյա զարդերը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, գողին կամ գողերին և գողոնը  հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ  հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: