Ապրիլյան պատերազմի մասնակից, ««Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» ՀԿ ղեկավար Մանուել Մանուկյանը պատմում է՝ ուսման վարձը չվճարելու պատճառով կանգնել էր բուհից դուրս մնալու վտանգի առաջ: Երկու բուհում է սովորում՝ ԵՊՀ-ի Միջազգային հարաբերություններ և Գիտությունների ազգային ակադեմիայի Կառավարում ֆակուլտետներում՝ հեռակա ուսուցմամբ վճարովի համակարգով:
Վարձի փոխհատուցման համար շատ հիմնադրամների է դիմել, այդ թվում՝ «Իմ քայլը» հիմնադրամին, որտեղ ասել են, որ նման ծրագրեր չեն իրականացնում, և ուղղորդել են այլ հիմնադրամներ:
«Հա՛մ Երևանում ապրել, հա՛մ երկու տեղ վարձ մուծել, դժվար է, մենք էլ պաշտոնյա չենք, 1.5 միլիոն աշխատավարձ չենք ստանում:
Դիմել էի «Իմ քայլը» հիմնադրամին, ուղղորդեցին այլ հիմնադրամներ, ինձ համար ցավալի էր, որ այդ ցանկի մեջ կար նաև մի սորոսական հիմնադրամ, կոնկրետ այդ մեկը, հաստատ գիտեմ, որ Սորոսից գրանտներ է ստանում:
Այլ հիմնադրամներ էլ են ասել, որոնց մի մասում ասացին, որ արդեն ավարտել են ծրագիրը, ոմանք ասացին, որ մյուս կիսամյակին են սկսելու: Շնորհիվ հասարակ մարդկանց, ովքեր աջակցեցին ինձ, ինչ-որ չափով հնարավոր եղավ վճարում կատարել, որ գոնե հրամանագրեն: Այդ մարդկանցից որևէ մեկը չի ուզեցել, որ ես իրենց անունը տամ, ուղղակի, ինձ Ֆեյսբուքից ճանաչելով, ուզեցին, որ ես ուսումս շարունակեմ:
Հասարակ մարդն է կանգնում հասարակ մարդու կողքին»,- ասաց Մանուել Մանուկյանը:
Ապրիլյան պատերազմի մասնակիցներն այլ խնդիրներ էլ ունեն, պնդում է ««Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» ՀԿ ղեկավարը:
«Մենք դիմել ենք զինգրքույկների համար, քանի որ Ապրիլյան քառօրյայի մասնակից տղաներից շատերի զինգրքույկներում նշված չէ, որ իրենք մասնակից են, մինչև հիմա այդ հարցը չի կարգավորվել, ուզեցան կարգավորել, բայց թերի մնաց:
Մարդկանց հաշմանդամության կարգը հանում են, հիվանդ, վիրավոր մարդուն զրկել են կարգից: Ասում են՝ բուժվել է, բայց չի բուժվել»,- պնդեց Մանուել Մանուկյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում:
0Comments