Վարչապետը հարցրել է՝ որտեղ եմ ինձ տեսնում, ես 3 տեղ եմ նշել. Սանասարյան

Ոստիկանապետ չեմ կարողացել, քանի որ օրենքի խնդիր կա

Վարչապետն ինձ հարցրել է, թե որտեղ եմ ինձ տեսնում, ես երեք տեղ եմ նշել՝ ոստիկանապետ, ՊՎԾ պետ եւ ՊԵԿ նախագահ։ Այս մասին «Ազատության» եթերում հայտարարել է ՊՎԾ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանը։

«Վարչապետն ինձ հարցրել է, թե որտեղ եմ ինձ տեսնում, ես երեք տեղ եմ նշել՝ ոստիկանապետ, ՊՎԾ պետ եւ ՊԵԿ նախագահ։ Ոստիկանապետ չեմ կարողացել, քանի որ օրենքի խնդիր կա, այդ 2-ի մեջ ես ընտրել եմ ՊՎԾ պետ»,- նշել է նա։

Դիտարկմանը, որ ինքը «մերժում էր Սերժ Սարգսյանին», բայց նրանից շուտ կանգնեց դատարանի առաջ, Սանասարյանը արձագանքեց․  «Ես հույս ունեմ, որ Սերժ Սարգսյանը դեռ կկանգնի դատարանի առաջ, եւ ոչ միայն նա»։ 

Հարցին՝ չի փոշմանել ՊՎԾ պետի պաշտոնը ստանձնելու համար, նա պատասխանեց․ «Ես չեմ փոշմանել, եթե փոշմանած լինեի, հրաժարական կտայի, ես կարծում եմ՝ շատ ճիշտ աշխատանք էի ինձ համար ընտրել հեղափոխությունից հետո եւ հուսով եմ՝ կշարունակեմ իմ աշխատանքը։ Ես խոսք եմ տվել մեր քաղաքացիներին, որ պայքարելու եմ կոռուպցիայի դեմ, եւ իմ պաշտոնավարման ավարտին մենք չենք ունենալու կոռուպցիա։ Ես չեմ կարող ասել՝ հիմա կա կոռուպցիա, թե չկա, բայց նախկինները պետք է ամբողջությամբ պատասխանատվություն կրեն, կարծում եմ՝ մեր իշխանությունները ավելի կոպիտ պետք է լինեն նախկինների նկատմամբ, ոչ թե կոֆե խմելով ինչ-որ կարծիքներ հայտնեն»։

Նա նաեւ չհերքեց, որ կապ ունի «Մոնախի Արմենի» հետ․  «Այո, ես կապ ունեմ, շատ-շատերի հետ կապ ունեմ, կապ չունի՝ մոսկվայաբանկ է, վաշինգտոնաբնակ է, կան հարաբերություններ, բայց ես որեւէ հանցավոր կապեր չունեմ հայտնի մարդկանց հետ»։

Նշենք, որ չնայած Դավիթ Սանասարյանը հայտարարել էր, թե իշխանափոխությունից հետո չի լինելու կառավարությունում, բայց քիչ անց նշանակվել էր ՊՎԾ պետ: