Ալումյանը բացատրեց, թե ինչու այս անգամ դատարանը պետք է ազատ արձակի Ռոբերտ Քոչարյանին

Մենք դատարանին այսօր ասացինք, որ հիմա այլևս գոյություն չունի այն օրենսդրական խոչընդոտը, որով նախորդ անգամ Քոչարյանի նկատմամբ գրավ չկիրառվեց

Դատարանն արձանագրել էր, որ թաքնվելու հավանականությունը բացակայում է, սակայն կա խոչընդոտելու հավանականություն, որը նվազել էր: Դրանից հետո դատարանն անդրադարձել էր գրավ կիրառելու խնդրին՝ ասելով, որ մեր օրենսդրություն ու Վճռաբեկի դիրքորոշումը թույլ չեն տալիս գրավ կիրառել, եթե կա խոչընդոտելու հավանականություն: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը:

Հիշեցնենք, որ այսօր երկրորդ նախագահի պաշտպանները գրավի միջնորդություն ներկայացրեցին՝ գրավի չափի մասով որոշումը թողնելով դատարանի հայեցողությանը:

«Դրանից հետո՝ հոկտեմբերի 16-ին, ՍԴ-ն կայացրեց որոշում, որին հղում կատարեցինք»,-ասաց Ալումյանը՝ նշելով, որ ՍԴ-ն մեկ այլ գործով հակասահմանադրական է ճանաչել վերոնշյալ պայմաններում գրավի կիրառումն արգելելը. «Մենք դատարանին այսօր ասացինք, որ հիմա այլևս գոյություն չունի այն օրենսդրական խոչընդոտը, որով նախորդ անգամ Քոչարյանի նկատմամբ գրավ չկիրառվեց»: