Շները երկարացնում են տերերի կյանքը. գիտնականներ

Գիտնականներն ուսումնասիրել են 3.8 միլիոն մարդու մասնակցությամբ 10 տարվա ընթացքում անցկացված 10 փորձերի տվյալները

Շները դրական ազդեցություն ունեն տերերի առողջության վրա և կարող են նույնիսկ երկարացնել նրանց կյանքը: Նման եզրակացության են եկել ամերիկացի գիտնականները, գրում է Circulation: Cardiovascular Quality and Outcomes-ը:

Մասնագետների կողմից կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տանը շուն ունենալը կարող է տերերի վաղաժամ մահվան ռիսկը նվազեցնել 24 %-ով:

Գիտնականներն ուսումնասիրել են 3.8 միլիոն մարդու մասնակցությամբ 10 տարվա ընթացքում անցկացված 10 փորձերի տվյալները: Պարզվել է, որ տանը շուն պահելը հատկապես օգտակար է սիրտ-անոթային հիվանդություններով տառապող մարդկանց, որոնց մահվան վտանգը շուն ունենալու դեպքում կրճատվում է 31 %-ով:

Կենդանիները օգնում են տերերին ազատվել անհանգստության, մենության զգացումից, բարելավել ինքնագնահատականը և տրամադրությունը, ինչպես նաև ընդհանուր հոգեկան առողջությունը:

Բացի այդ, շան ներկայությունը ենթադրում է ֆիզիկական ակտիվություն, քանի որ կենդանիներին ամեն օր պետք է զբոսանքի տանել:

Շների տերերը ավելի հաճախ են ժամանակ անցկացնում մաքուր օդում, ինչը նույնպես դրականորեն է ազդում նրանց ինքնազգացողության վրա: Բացի այդ, նույնիսկ շանը շոյելուց մարդու արյան ճնշումը կարող է նվազել: