Ամերիկացիների կարծիքները Թրամփի իմփիչմենթի հարցում տարբերվել են. հարցում

Դեմոկրատները հայտարարում են, որ փաստերը չեն հաստատում այս տեսությունը, եւ Թրամփին մեղադրում են օտարերկրյա օգնությամբ քաղաքական հակառակորդից ազատվելու փորձի մեջ

Ամերիկացիների կարծիքները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի հարցում խիստ տարբերվել են, այս մասին են վկայում Washington Post-ի եւ ABC News-ի հարցման տվյալները, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ https://ria.ru/

Հինգշաբթի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ ընդունեց բանաձեւ, որը ֆորմալացրեց Թրամփի իմփիչմենթի ընթացակարգի սկիզբը։ Փաստաթղթի ընդունման դեմ արտահայտվեցին բոլոր հանրապետականները, որոնք Ներկայացուցիչների պալատում փոքրամասնություն են։ Ընդունված փաստաթուղթը վերաբերում է վկաների հարցման ընթացակարգին եւ իմփիչմենթի ընթացակարգի այլ պահերի։

Ինչպես ցույց են տալիս հետազոտության արդյունքները՝ ամերիկացիների 49 տոկոսը կարծում է, որ Թրամփին պետք է հանել պաշտոնից իմփիչմենթի միջոցով, այն դեպքում, երբ 47 տոկոսը դեմ է նման որոշմանը։

Դեմոկրատների մեջ իմփիչմենթը պաշտպանում է 82 տոկոսը, իսկ 13 տոկոսը դեմ է։ Հանրապետականների մոտ նկատվում է հակառակ միտումը՝ 82 տոկոս դեմ, 18 տոկոս կողմ։

Դեմոկրատները պալատում ավելի վաղ արդեն փաստացի սկսել էին հետաքննությունը իմփիչմենթի շրջանակում՝ առանց պաշտոնական բանաձեւի։ Հանրապետականները մեղադրեցին նրանց այն բանում, որ ընթացակարգն սկսելը չի ձեւակերպվել պատշաճ ձեւով՝ ընդհանուր քվեարկությամբ, եւ տեղի է ունեցել «փակ դռների հետեւում»։ Ներկայացուցիչների պալատի նախագահ, դեմոկրատ Նենսի Փելոսին ասել է, որ դրա անհրաժեշտությունը չկար, քանի որ կոմիտեներն առանց այդ էլ ունեն բոլոր լիազորությունները իմփիչմենթի հարցով հետաքննության համար։

Հարցումն անցկացվել է 2019 թվականի հոկտեմբերի 27-30-ը։ Դրան մասնակցել է ԱՄՆ 18-ից բարձր տարիքի 1003 բնակիչ։ Սխալանքը կազմում է պլյուս-մինուս 3,5 տոկոսային կետ։

Դեմոկրատները Թրամփի իմփիչմենթի ընթացակարգն սկսել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վրա ենթադրյալ ճնշման պատճառով, վերջինս պետք է հետաքննություն սկսեր Թրամփի քաղաքական ընդդիմադրի՝ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի դեմ։ Ինքը՝ Թրամփը, ասում է, որ ուկրաինական իշխանություններին կոչ է արել միայն պայքարել կոռուպցիայի դեմ, ինչի իրավունքն ուներ։ Բայդենի որդին աշխատում էր ուկրաինական Burisma էներգաընկերության տնօրենների խորհրդում, եւ Թրամփը տեսություն էր առաջադրել, որ Բայդեն-ավագը հասել է այն բանին, որպեսզ դադարեցվի Burisma-ի դեմ հետաքննությունը եւ աշխատանքից ազատվի Ուկրաինայի գլխավոր քարտուղար Վիկտոր Շոկինը։ Դեմոկրատները հայտարարում են, որ փաստերը չեն հաստատում այս տեսությունը, եւ Թրամփին մեղադրում են օտարերկրյա օգնությամբ քաղաքական հակառակորդից ազատվելու փորձի մեջ