Թուրքիայում դատախազության հրամանով զինվորները կոտրել են քրդերեն գրությամբ գերեզմանաքարը

Հյուսեին Քայան պատասխանել է, որ քրդերեն գրված է` «Քեզ չենք մոռանալու» և այլ իմաստ չունի

Մուշի Բուլանըք շրջանի Էրենթեփե գյուղում դատախազության հանձնարարականով զինվորները կոտրել և տարել են 2012թ. հունիսի 6-ին բանտում մահացած, Թուրքիայի «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության (BDP-ԽԺԿ) գյուղական կառույցի ղեկավար Այդըն Քայայի գերեզմանաքարը, գրում է ermenihaber.am կայքը:

Աղբյուրի փոխանցմամբ` Այդըն Քայայի գերեզմանաքարի վրա քրդերեն գրություն կար` «Քեզ չենք մոռանալու» (Em te ji bîr nakin):

Քայայի ավագ եղբայրը` Հյուսեյին Քայան «Mezopotamya» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է, որ իրեն հոկտեմբերի 27-ին կանչել են շրջանային ոստիկանական վարչություն, սակայն ինքը հոկտեմբերի 29-ին է ներկայացել:

Նրա խոսքով` ոստիկանության հրամանատարը նրան ցույց է տվել եղբոր` Այդըն Քայայի գերեզմանի լուսանկարը և ապա հարցրել, թե ի՞նչ է նշանակում գերեզմանաքարի գրությունը:

Հյուսեին Քայան պատասխանել է, որ քրդերեն գրված է` «Քեզ չենք մոռանալու» և այլ իմաստ չունի:

«Այնուհետև ինձ ասաց, որ դատախազությունը հրահանգել է, որպեսզի քանդեն այս գերեզմանաքարը: Զինվորների հետ միասին  գնացինք գերեզման: Քարագործ վարպետի էլ  էինք կանչել, սական նա չկարողացավ քարը հանել, որից հետո զինվորները ինձ ասացին, որ հրաման կա և կոտրեցին գերեզմանաքարն ու տարան»,-ասել է Հյուսեին Քայան:

Այդըն Քայայի եղբայրը նաև նշել է, որ որևէ փաստարկ չեն ներկայացրել, թե ինչու են զինվորները քանդում և տանում գերեզմանաքարը:

Այս դեպքը Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) Մուշի պատգամավոր Մենսուր Ըշըքը խորհրդարանի օրակարգ է տեղափոխել: