Հնդկաստանում հիշատակի արարողության ժամանակ Մերկելը նորից նստած է լսել օրհներգը

Հունիսից Մերկելը ուժեղ ցնցման մի քանի հրապարակային նոպա է ունեցել, պաշտոնապես հաստատվել է, որ կանցլերն իրեն լավ է զգում

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որն այս օրերին պաշտոնական այցով գտնվում է Հնդկաստանում, հակառակ արարողակարգի, նստած է լսել երկու երկրների ազգային օրհներգերը։

Ուրբաթ Գերմանիայի կանցլերը ժամանել է Նյու Դելի, որտեղ նրան դիմավորել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին՝ պատվո պահակի ուղեկցությամբ։ Առաջին միջոցառումներից մեկը նրա ուղեւորության ծրագրում ծաղկեպսակի խոնարհումն էր Մահաթմա Գանդիի՝ Հնդկաստանի անկախության կարեւորագույն դեմքի հիշատակի արարողությանը։

Հնդկաստանի եւ Գերմանիայի ազգային օրհներգերի կատարման ժամանակ  կանցլերը նստած էր ոչ բարձր պատվանդանին տեղադրված սպիտակ աթոռին՝ ձեռքերը ծնկներին ծալած։ Դա չի վրիպել արարողությանը ներկա լրագրողների ուշադրությունից, եւ շուտով նստած Մերկելի լուսանկարները հայտնվել են ցանցում։

«Այս հանգամանքը ֆորս-մաժոր չէր, քանի որ գերմանական կողմը նախապես դիմել էր մեզ՝ արարողությունը հենց այդպես անցկացնելու համար»,- ՌԻԱ «Նովոստի»-ին բացատրել է Հնդկաստանի ԱԳՆ ներկայացուցիչը, որը չի ցանկացել նշել անունը։ «Ցավոք, տիկին Մերկելին անհանգստացնում են առողջական խնդիրները»,- ավելացրել է դիվանագետը։

Մեկ այլ հետաքրքիր հանգամանք էր այն, որ ոչ Մերկելը, ոչ Մոդին պաշտպանիչ սաղավարտներ չեն ցանկացել կրել Նախագահական պալատի մոտ բաց երկնքի տակ անցկացվող միջոցառմանը։ Դա անվտանգ չէ, չէ՞ որ հենց այժմ է վտանգավոր նյութերի պարունակությունը Նյու Դելիում 19 անգամ գերազանցում թույլատրելի նորմերը, որոնք սահմանել է ԱՀԿ-ն։

Սպասվում է, որ Մերկելի այցի շրջանակում նա Մոդիի հետ կքննարկի հարցերի լայն շրջանակ, այդ թվում առեւտրատնտեսական հարաբերությունների, ներդրումների, անվտանգության, ինչպես նաեւ տարածաշրջանի իրավիճակի վերաբերյալ։ Հանդիպումների արդյունքը պետք է դառնա մի շարք համաձայնագրերի ստորագրումը տարբեր ոլորտներում՝ գյուղատնտեսությունում եւ սոցապահովության ոլորտում համագործակցության վերաբերյալ։

Հունիսից Մերկելը ուժեղ ցնցման մի քանի հրապարակային նոպա է ունեցել, պաշտոնապես հաստատվել է, որ կանցլերն իրեն լավ է զգում։ Վերջին ամիսներին օտարերկրյա պետությունների մի քանի ղեկավարների Գերմանիա կատարած մի քանի այցերի ընթացքում կանցլերը, Գերմանիայի պատմության մեջ առաջին անգամ, պետական օրհներգը լսել է աթոռին նստած։