Ինչո՞ւ այս իշխանությունը չի կարող երկար գոյատևել

Պատահական չի, որ գործող իշխանությունը բռնաճնշումների է անցել՝ քաղաքական լուծումներ չունի

«Ինչո՞ւ այս իշխանությունը չի կարող երկար գոյատևել
-----------------------------------------

Երբ քաղաքական համակարգը ճեղքվում է, ապա նման երկրներում իշխանությունը չի կարող կայուն լինել։

1996-ի ընտրական կեղծիքների հետևանքով խաթարվեց քաղաքական համակարգի բնականոն ընթացքը։ Ցանկացած անարդարություն և անօրինականություն անհաշտ թշնամություն է ստեղծում։

1996-ի հետևանքով առաջացավ պահանջ դուրս մնացած քաղաքական դաշտի հետ գալ կոմպրոմիսի, որի համար 1998-ին զոհաբերվեցին Տեր-Պետրոսյանը, Վանո Սիրադաղյանը և ՀՀՇ-ի քաղաքական թևը, իրենց գործարար կցորդներով։

2008-ին դուրս մնացած թևը, իր բիզնես դասով փորձեց ռևանշի հասնել, ինչը վերջացավ հայտնի իրադարձություններով։
Սերժ Սարգսյանը փորձեց կոմպրոմիսի գալ։ Նա երկխոսություն սկսեց դուրս մնացածների հետ, նրանց վերադարձրեց խորհրդարան, սակայն չկարողացավ այդ հատվածի ամբիցիաները բավարարել։ Մյուս կողմից, խախտելով պայմանավորվածությունները, գնաց երրոդ ժամկետի՝ վարչապետի կարգավիճակով, ինչը գործող համակարգում նոր ճեղքումներ առաջացրեց։ Դա վերջացավ 2018-ի իշխանափոխությամբ։

Գործող վարչապետը, քաղաքական անհեռատես ագահություն ցուցաբերելով, արագացրեց խորհրդարանական ընտրությունները, և ամբողջապես վերցրեց գործադիր ու օրենսդիր իշխանությունը։ Խորհրդարանում մնաց մեկ ինքնուրույն ուժ, ի դեմս Բարգավաճ Հայստանի։ Մնացածները դուրս մնացին։ Դա ծուղակ է, որը գործողները դեռ լավ չեն գիտակցում։

Այդ խորհրդարանը չի ներկայացնում Հայաստանի իրական քաղաքական պատկերը։ Ավելին, խորացնելով առճակատումը, ունենալով միասեռ խորհրդարան, վարչապետը քաղաքական գործընթացները տեղափոխեց խորհրդարանից դուրս։ Պատահական չի, որ գործող իշխանությունը բռնաճնշումների է անցել՝ քաղաքական լուծումներ չունի։
Այս իրավիճակը նոր ցնցումների հիմք է հանդիսանում և այդպես երկար շարունակվել չի կարող։ Կամ ապագայում քաղաքական գործընթացները փողոցում կծավալվեն՝ ստանալով ավելի կրքոտ տեսք (գուցե ծայրահեղ դրսևորումներով), կամ նոր, ավելի բազմասեռ, քաղաքական դաշտի իրական պատկերն արտացոլող խորհրդարան կազմելու համար արտահերթ ընտրություններ անցկացվեն։

Երրորդ տարբերակ չկա»։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյան