Ռոմանտիկ երեկո. ընտրում ենք օծանելիքը

Ցանկացած մարդու մաշկն իր յուրահատուկ բույրն է արտադրում

Աղմուկ հանած «Պարֆյումեր» ֆիլմը ֆանտաստիկ է, սակայն, ինչպես ասում են, «հիմնված է իրական դեպքերի վրա»։ Մենք՝ մարդիկս, չնայած քաղաքակրթությանը, մշակույթին ու նման այլ բաներին, այնուամենայնիվ, շատ բան ունենք մեր կենդանական նախնիներից։ Մասնավորապես՝ արձագանքում ենք այլ մարդու հոտին եւ հաճախ դա որոշիչ դեր է ունենում։

Կարծրատիպերի մերժման մեր դարում կանայք հաճախ օգտվում են նաեւ տղամարդկային բույրերից, քանի որ այն պարզապես, դուր է գալիս նրանց։ Եվ դա զարմանալի չէ, քանի որ տղամարդու օծանելիքը պատրաստում կանանց, իսկ կանացիները՝ տղամարդկանց դուր գալու համար։ Այնպես որ, ռոմանտիկ ընթրիքի համար NEWS.am STYLE - ը խորհուրդ կտայի հրաժարվել տղամարդկային բույրերից ու նախընտրել կանացին։

Իսկ հիմա ֆերոմոններով օծանելիքի մասին։ Ցանկացած մարդու մաշկն իր յուրահատուկ բույրն է արտադրում։ Այն այնքան թույլ է, որ չենք էլ զգում, ավելի ճիշտ՝ չենք գիտակցում, սակայն այն իր հետքն է թողնում եւ կարող է ուժգին համակարանք առաջացնել։ Բանն այն է, որ յուրաքանչյուր մարդու մաշկի բույրն իր մեջ պարունակում է ֆերոմոններ՝ նյութեր, որոնք գրավում են հակառակ սեռի մարդկանց։ Իսկ ֆերոմոններով օծանելիքն ուժեղացնում է այդ «բնական մագնետիզմը» եւ, ըստ լուրերի, ուժգին գրավում հակառակ սեռի ներկայացուցչին։
Կպատեմ մի դեպք սեփական փորձից։ Ֆերոմոնների մասին լուրերի ճշմարտացիությունը ստուգելու նպատակով մի քանի կաթիլ այդպիսի օծանելիք ցանեցի դաստակիս եւ հյուր գնացի մի ընկերոջս։ Նա չարձագանքեց օծանելիքին, սակայն նրա շունը որոշեց, որ ես եմ իր ճակատագիրը։ Այնպես որ, եթե որոշել եք ռոմանտիկ ընթրիքն անցկացնել մի տեղ, որտեղ տնային կենդանի կա, խստորեն խորհուրդ ենք տալիս չօգտագործել ֆերոմոնով օծանելիք։ Կազդի այն ձեր սիրելիի վրա, թե՞ ոչ՝ հայտնի չէ, սակայն հավատացեք, որ ողջ երեկո ստիպված կլինեք փախչել բնակարանում եղած շների կամ կատունեների սիրո դրսեւորումներից։

Իսկ հիմա, ըստ ավանդույթի, ռոմանտիկ երեկոյի համար բնական աֆրոդիզիակ՝ մեղր պարունակող մի հեշտ թխվածքի բաղադրատոմս։

Թխվածքը պատրաստելու համար անհրաժեշտ կլինի 2 ձու, 100 գ կարագ, 2 ճ. գ. մեղր, 1 բաժակ շաքարավազ, 1 թ. գ. սոդա եւ 600 գ ալյուր։ Կրեմի համար՝ 400 գ թթվասեր եւ 150 գ շաքարավազ։

Գոլորշու վրա հալեցրեք կարագն ու շաքարավազը մինչեւ դրա ամբողջովին լուծվելը, ապա ավելացրեք մեղրն ու խառնեք։ Առանձին հարեք ձուն ու անընդհատ խառնելով ավելացրեք յուղային խառնուրդը։ Ապա ավելացրեք սոդան, իսկ երբ խառնուրդը սկսի փրփրել, վերցրեք կրակից ու քիչ-քիչ ավելացրեք ալյուրը։

Ստացված խմոր բաժանեք երկու հավասար մասի ու գրտնակեք յուրաքանչյուրը 5 մմ հաստությամբ։ Թխեք նախապես մինչեւ 250 աստիճանը տաքացված ջեռոցում՝ մոտ 20 րոպե։

Քանի դեռ շերտերը ջեռոցում են, պատրաստեք կրեմը։ Խառնեք թթվասերն ու շաքարավազը եւ հարեք մինչեւ շաքարավազի լիովին հալվելը։ Երբ շերտերը պատրաստ կլինեն, թողեք որ սառչեն, ապա առաջին շերտին քսեք կրեմը, վրան դրեք երկրորդը եւ դա էլ պատեք թթվասերի խառնուրդով։ Կարելի է «երկհարկանի» թխվածք պատրաստել, կարելի է նաեւ ըստ ճաշակի մի քանի շերտ էլ ավելացնել։ Բաժանեք մասերի ու մատուցեք։

Հաճելի երեկո։