Որոնք են սրտի իշեմիկ հիվանդության ախտանշանները, դրա զարգացմանը նպաստող գործոններն ու կանխարգելման միջոցները

Մասնագետների խոսքով՝ այս դեպքում կարող են ի հայտ գալ կտրուկ սուր ցավեր կրծքավանդակի խորքում կամ ձախ կողմում

Սրտի իշեմիկ հիվանդությունը (ՍԻՀ) բավական տարածված խնդիր է, որը կարող է հանգեցնել սրտի կաթվածի և անգամ մահվան: Այս հիվանդության հետևանքով լուրջ բարդություններից խուսափելու համար հարկավոր է իմանալ, թե ինչ ախտանշաններով է այն դրսևորվում և որոնք են դրա զարգացմանը նպաստող գործոնները, ուստի մասնագետները ներկայացրել են դրանցից հիմնականները:

Սրտի իշեմիկ հիվանդությունը դրսևորվում է պսակային (կորոնար) զարկերակների նեղացմամբ, ինչի հետևանքով սրտամկանը չի ստանում բավարար քանակությամբ թթվածին ու սննդարար նյութեր: Այս հիվանդության զարգացման հավանականությունը զգալիորեն աճում է տարիքի հետ: Ընդ որում՝ այն առավել հաճախ ախտորոշվում է տղամարդկանց մոտ:

Սրտի իշեմիկ հիվանդության ախտանշանները

Վաղ փուլերում հիվանդությունը սովորաբար զարգանում է առանց ախտանշանների, իսկ ակնհայտ նշաններն ի հայտ են գալիս միայն այն ժամանակ, երբ անոթների աթերոսկլերոտիկ փոփոխությունների հետևանքով արյան հոսքը նվազում է ավելի քան 50 տոկոսով:

Մասնագետների խոսքով՝ այս դեպքում կարող են ի հայտ գալ կտրուկ սուր ցավեր կրծքավանդակի խորքում կամ ձախ կողմում, որոնք կարող են տարածվել նաև ձախ ձեռքի, պարանոցի, ստորին ծնոտի կամ որովայնի հատվածում (վերին հատվածում): Ընդ որում՝ ցավը, որպես կանոն, ուղեկցվում է ճնշման ու սեղմվածության զգացողությամբ, ինչպես նաև վախով ու շնչառական անբավարարությամբ:

Հիվանդության ախտանշանների ինտենսիվությունը կարող է փոփոխվել՝ կախված զարգացման փուլից: Եթե սկզբնական փուլում ակնհայտ ախտանշանները բացակայում են, իսկ որոշ ժամանակ անց անհանգստացնում միայն լուրջ ֆիզիկական լարվածության դեպքում, ապա հաջորդ փուլերում դրանք կարող են ի հայտ գալ նաև թեթև լարվածության կամ անգամ հանգստի ժամանակ:

Սրտի իշեմիկ հիվանդության ատիպիկ ախտանշանները

Սրտի իշեմիկ հիվանդությունը կարող է դրսևորվել նաև որոշ ատիպիկ ախտանշաններով, սակայն մասնագետներն ընդգծում են, որ դրանք բնորոշ են միայն կանանց ու շաքարային դիաբետով հիվանդներին: Ինչպես նշում են բժիշկները՝ կանանց դեպքում սրտի իշեմիկ հիվանդության միակ ախտանշանը կարող է լինել հևոցը կամ պարզապես կրծքավանդակում թույլ ճնշման զգացողությունը: Շաքարային դիաբետով հիվանդների մոտ այս խանգարումը կարող է զարգանալ առանց ախտանշանների այնքան ժամանակ մինչ ի հայտ կգա լուրջ առիթմիա կամ սրտամկանի ինֆարկտ:

Ինչպես նվազեցնել հիվանդության զարգացման հավանականությունը

Սրտի իշեմիկ հիվանդությունը զարգանում է պսակային (կորոնար) զարկերակների աթերոսկլերոզի հետևանքով և կան տարբեր գործոններ, որոնք բարձրացնում են աթերոսկլերոզի և հետևաբար նաև՝ սրտի իշեմիկ հիվանդության զարգացման հավանականությունը: Դրանք պայմանականորեն բաժանված են երեք խմբի՝ գործոններ, որոնց վրա մարդը չի կարող որևէ կերպ ազդել, գործոններ, որոնց վրա կարելի է ազդել միայն պայմանականորեն, և գործոններ, որոցից մարդը կարող է խուսափել:

Մասնագետների խոսքով՝ աթերոսկլերոզի զարգացմանը նպաստող գործոնների շարքին են դասվում մարդու տարիքն ու գենետիկ նախատրամադրվածությունը, և այս գործոնների վրա որևէ կերպ հնարավոր չէ ներգործել:

Այս հիվանդության զարգացման կարող են հանգեցնել նաև որոշակի հիվանդություններն ու խանգարումները, այդ թվում՝ շաքարային դիաբետը, ճարպակալումը, զարկերակային գերճնշումը կամ լիպիդային փոխանակության խանգարումը: Սրանք այն գործոններն են, որոնց վրա կարելի է պայմանականորեն ազդել, ինչը նշանակում է, որ մարդը կարող է որոշ չափով նվազեցնել աթերոսկլերոզի զարգացման հավանականությունը, եթե միջոցներ ձեռնարկի նշված հիվանդությունների բուժման համար:

Սակայն կան նաև գործոններ, որոնցից մարդը կարող է հեշտությամբ խուսափել՝ զգալիորեն նվազեցնելով աթերոսկլերոզի ու սրտի իշեմիկ հիվանդության զարգացման հավանականությունը: Դրանց շարքին են դասվում սննդարար նյութերի դեֆիցիտը, ֆիզիկական ակտիվության բացակայությունն ու ծխախոտի գործածությունը, ուստի մասնագետները նման գործոնների առկայության դեպքում հորդորում են վերանայել կենսակերպը:

Բացի այդ, հիվանդության զարգացման պատճառ կարող են դառնալ նաև ճարպերով ու աղով հարուստ սննդակարգը, նստակյաց կենսակերպն ու մշտական սթրեսները, ինչը նշանակում է, որ սրտի իշեմիկ հիվանդության կանխարգելումը կախված է դրա զարգացմանը նպաստող հիվանդությունների պատշաճ բուժումից, ինչպես նաև ռիսկային գործոնների բացառումից:

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru