Ինչպես է արհեստական բանականությունն օգնում բարելավել նյարդային հիվանդությունների բուժումը

Icometrix-ն օգտագործում է ծրագրային ապահովում՝ հիմնված արհեստական բանականության տեխնոլոգիայի վրա, որն ուսումնասիրում է ուղեղի սքանը և տեղեկություն տալիս

Արհեստական բանականությունը կարող է օգնել նյարդային հիվանդությունների ավելի արդյունավետ բուժմանը, ինչպիսին են ցրված սկլերոզը, Ալցհեյմերի հիվանդությունը, Պարկինսոնի հիվանդությունը, էպիլեպսիան և անգամ կաթվածը։ Այս մասին NEWS.am Medicineի թղթակցի հետ զրույցում ասաց Icometrix ընկերության ղեկավար Վիմ Վան Հեկեն, որը Հայաստան է եկել մասնակցելու Global Innovation Forum 2019-ին։

Այդ հիվանդությունների դեպքում, ինչպես նշեց մասնագետը, կարևոր դեր է խաղում ուղեղի սքանավորումը. համակարգչային տոմոգրաֆիայի և ՄՌՏ-ի օգնությամբ ստացված տվյալները անհրաժեշտ են ոչ միայն այդ հիվանդությունների ախտորոշման, այլ նաև բուժման մոնիթորինգի համար, ինչպես նաև հասկանալու համար, թե աշխատում է արդյոք ընտրված բուժումը, թե անհրաժեշտ է դիմել որևէ այլ բանի։

Icometrix-ն օգտագործում է ծրագրային ապահովում՝ հիմնված արհեստական բանականության տեխնոլոգիայի վրա, որն ուսումնասիրում է ուղեղի սքանը և տեղեկություն տալիս, որն անհրաժեշտ է թե՛ նյարդային հիվանդության ախտորոշման, թե՛ դրա բուժման արդյունավետության վերահսկման համար։

Այդ տեխնոլոգիան, մասնագետի խոսքով, արդեն օգտագործվում է ԱՄՆ և Եվրոպայի ավելի քան 100 հիվանդանոցներում։

«Ես կարծում եմ, որ մենք ապագայում, հետ նայելով, կզարմանանք, թե ինչու մինչ այդ չենք օգտագործել ուղեղի սքանավորումից ստացված այդ տվյալները։ Այդ տեխնոլոգիաները շատ արագ դառնում են ստանդարտ բուժման մի մասը։ Ապագան անհատականացված բժշկությանն է, որը ենթադրում է օգնության ցուցաբերում պացիենտներին ոչ թե որպես մարդկանց խմբի՝ միևնույն հիվանդությամբ, այլ յուրաքանչյուրին առանձին-առանձին՝ բուժում փնտրելով, որն ավելի լավ կաշխատի հենց կոնկրետ պացիենտի համար»,- ասել է Վիմ Վան Հեկեն։

news.am