Մեծ Բրիտանիայի քաղաքացի եղբայրները խոստովանել են, որ կաշառել են Ադրբեջանում և ևս 8 երկրում պաշտոնյաներին

ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ 51-ամյա Սայրուս Ահսանին և նրա 46-ամյա եղբայր Սամանն իրենց մեղավոր են ճանաչել դավադրություն կազմակերպելու համար

Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ Ահսանի եղբայրներն ԱՄՆ-ում իրենց մեղավոր են ճանաչել արտերկրում կոռուպցիայի մասին օրենքի (FCPA) խախտման համար: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:

Ահսանի եղբայրները եղել են Մոնակոյում տեղակայված Unaoil նավթագազային ընկերության ղեկավարները: Նրանք իրենց մեղավոր են ճանաչել 1999 թվականից 2016 թվականն ընկած ժամանակահատվածում 9 երկրի պետական պաշտոնյաներին միլիոնավոր դոլարների կաշառք տալու համար: Նշված երկրներն են՝ Ադրբեջանը, Ղազախստանը, Ալժիրը, Անգոլան, Կոնգոն, Իրանը, Իրաքը, Լիբիան և Սիրիան:

Չորեքշաբթի՝ հոկտեմբերի 30-ին, ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ 51-ամյա Սայրուս Ահսանին և նրա 46-ամյա եղբայր Սամանն իրենց մեղավոր են ճանաչել դավադրություն կազմակերպելու համար՝ խախտելու համար արտասահմանում կոռուպցիայի մասին օրենքը:

Ահսանի եղբայրների դատը տեղի կունենա 2020 թվականի ապրիլի 20-ին: