ՁԻԱՀ-ով վարակված երեխայի ծնողների մոտ այն չի հայտնաբերվել

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են մի շարք դատաբժշկական փորձաքննություններ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու մանկահասակ երեխայի՝ ՄԻԱՎ վարակով վարակվելու դեպքի հանգամանքները:

2019թ. հոկտեմբերի 16-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվել է քաղաքացու՝ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումն այն մասին, որ 2019թ. օգոստոսի կեսերից մինչև հոկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում անչափահաս թոռնուհին ստացիոնար բուժման մեջ է գտնվել «Արաբկիր» բժշկական կենտրոնում, որտեղ վերջինիս մոտ հայտնաբերվել է ՁԻԱՀ, որով երեխան մինչ այդ վարակված չի եղել:

Նախնական տվյալներով՝ երեխան ամիսներ շարունակ պարբերաբար ջերմել է և 2019թ. օգոստոսի 20-ին տեղափոխվել «Արաբկիր» ԲԿ, որից հետո նրա մոտ հայտնաբերվել է ՁԻԱՀ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երեխայի ծնողների մոտ ՁԻԱՀ չի հայտնաբերվել:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 123-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, որով նախաքննությունն իրականացվում է  ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են մի շարք դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: