Ցուցանիշը կատարված է, ակնկալվում է 15 տոկոս ավելի բարձր արդյունք. Սարհատ Պետրոսյանը հպարտ է հեռանում

Սա նախևառաջ Հայաստանով մեկ տարածված մեծ թիմի համատեղ աշխատանքի արդյունք է, որի համար մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում կադաստրի մեծ ընտանիքին

Երեկ վերջին անգամվա համար ստացա Կադաստրի կոմիտեի ֆինանսական վիճակի հաշվետվությունը: Ֆեյսբուքի իր էջում այսօր՝ հոկտեմբերի 31-ի առավոտյան գրել է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը, որն այս պաշտոնից հրաժարական է ներկայացրել ՀՀ վարչապետին, և հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգի նախագծում։

Պետրոսյանը շարունակում է Ֆեյսբուքի իր մեկնաբանության մեջ. «Դրանում արտացոլված թվերի հիման վրա կարող եմ հպարտանալ ևս մեկ ձեռքբերմամբ։ Վարչապետի վերջին ասուլիսի ընթացքում հայտարարվեց, որ 2019 թվականին կոմիտեն կանխատեսում է 1.05 մլրդ դրամ ավելի գեներացնել ու փոխանցել պետական բյուջե։ Այսօր արդեն առկա միջոցները թույլ են տալիս այդ ցուցանիշը համարել կատարված և ակնկալել մոտ 15%-ով ավելի բարձր արդյունք մինչ տարեվերջ։ Սա նախևառաջ Հայաստանով մեկ տարածված մեծ թիմի համատեղ աշխատանքի արդյունք է, որի համար մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում կադաստրի մեծ ընտանիքին»։