Չինաստանում փակվում են «սարսափազդու» ապակյա կամուրջները

Չինաստանում վերջերս մեծ ծաղկում են ապրել ապակյա հատակներով տարատեսակ զբոսուղիներն ու կախովի կամուրջները, սակայն դրանց կոտրվելու պատճառով մի շարք պատահարներ են գրանցվել

Չինաստանում անվտանգության նկատառումներից ելնելով փակվել են ապակյա տեսարժան վայրերը, այդ թվում և կամուրջները, զբոսուղիները և դիտակետերը։

BBC News-ի փոխանցմամբ՝ 2018-ի մարտից ի վեր Հեբեյ նահանգում 24 տեսարժան վայր է փակվել։ Չինաստանում վերջերս մեծ ծաղկում են ապրել ապակյա հատակներով տարատեսակ զբոսուղիներն ու կախովի կամուրջները, սակայն դրանց կոտրվելու պատճառով մի շարք պատահարներ են գրանցվել, ինչպես նաև երկու մահվան դեպք։

Հաղորդվում է, որ Չինաստանում շուրջ 2300 ապակյա կամուրջ կա։ Բացի այդ, շատ են ապակյա ճեմուղիները։

Հունան նահանգի  Չժանցզյան քաղաքում 2016-ին բացված աշխարհի ամենաերկար և ամենաբարձր ապակյա կամուրջը մեծ իրարանցում էր առաջացրել։ Սակայն մեկ այլ նման զբոսավայրում գրանցված զբոսաշրջիկի մահվան դեպքից հետո հետաքրքրությունը նմանօրինակ կամուրջների հանդեպ մարել է։