Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում Լիտվայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին

Կողմերը մտքեր են փոխանակել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է  Հայաստանում Լիտվայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին, տեղեկացնում է Կառավարության կայքը:

Հանդիպում

Շնորհավորելով դիվանագետին պաշտոնավարման մեկնարկի առթիվ՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանն ու Լիտվան արդյունավետ քաղաքական երկխոսություն ունեն, որը լավ հիմք է երկկողմ տնտեսական հարաբերություններին նոր թափ հաղորդելու համար: 

Վարչապետը հեռանկարային է համարել զբոսաշրջության, ՏՏ, գյուղատնտեսության ոլորտներում համագործակցությունը, ներդումային կապերի զարգացման համատեքստում կարևորել օդային ուղիղ հաղորդակցության հաստատումը՝ նշելով, որ այդ առումով Հայաստանում այժմ նպաստավոր հնարավորություններ են ստեղծվել:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է Հայաստան-Եվրամիություն գործընկերությանը և երախտագիտություն հայտնել Լիտվայի խորհրդարանին՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար: 

Անդրադառնալով ԵՄ և Արևելյան գործընկերության շրջանակում համագործակցությանը՝ վարչապետը նշել է, որ Լիտվան ժողովրդավարական բարեփոխումների և ժողովրդավարության հզորացման մեծ փորձ ունի կուտակած, և Հայաստանը հետաքրքրված է այդ փորձի փոխանակմամբ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Լիտվայի դեսպանը  նշել է, որ իր համար պատիվ է պաշտոնավարել Հայաստանում այս կարևոր փոփոխությունների ժամանակաշրջանում և նպաստ ունենալ երկկողմ, բազմակողմ ձևաչափերով հայ-լիտվական հարաբերությունների զարգացմանը: Նրա խոսքով՝ Հայաստանի կառավարությունը և Հայաստանի ժողովուրդը արժանի են ԵՄ և ԵՄ երկրների կողմից քաջալերմանը, և Լիտվան պատրաստակամ է աջակցել Հայաստանի զարգացման օրակարգին, ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը, կիսվել ժողովրդավարական բարեփոխումների իր փորձով:

Տնտեսական կապերի ակտիվացման համատեքստում զրուցակիցները քննարկել են օդային ուղիղ կապի հաստատման, տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության, վերականգնվող էներգետիկայի, պլաստիկ աղբի դեմ պայքարի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով գործակցության հնարավորությունները:

Կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ: