Երեկ պաշտոնից ազատվեց ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը, ով ավելի վաղ հայտարարել էր, որ ոստիկանապետի պաշտոնը չպետք է զբաղեցնի քաղաքացիական անձը: Ինչպես դրանից հետո պարզաբանեց վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, Քոչարյանը պաշտոնից ազատվել է քաղաքական հայտարարություն անելու համար:
Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, պատասխանելով հարցին՝ նորմալ է արդյո՞ք, որ մարդուն աշխատանքից ազատում են իր տեսակետի համար, ասաց ուժային կառույցների ղեկավարները քաղաքական հայտարարություններ անելու իրավունք չունեն. «Քաղաքականության մեջ իրենք անելիք չունեն, պետք է պաշտոնավարեն օրենքով սահմանված իրենց ֆունկցիոնալ պարտականությունների շրջանակներում: Եթե նրա հայտարարությունն այդպես է գնահատվել, որոշումը չպետք է հապաղեր»:
Քոչարյանը նշեց, որ ափսոսում է տեղի ունեցածի համար. «Հովհաննես Քոչարյանն այս ընթացքում մեր հանձնաժողովի հետ շատ արդյունավետ ու բարձր մակարդակով է աշխատել: Ես միշտ ասել եմ, որ ոստիկանությունում ամենաարժեքավորները նման ինտելեկտ կրող մարդիկ են: Ես որևէ բան չեմ կարող ասել, սա կադրային կորուստ է ոստիկանության համար: Սակայն նման բարձր դիրք ունեցող ոստիկանը պետք է իմանա, թե ինչ է ասում»։
0Comments